Հուլիսի 30-ին Երեւանյան լճում անցկացվեց ակադեմիական թիավարության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր մոտ 30 մարզիկ:

Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ, մաս-ռեսթլինգի եւ ակադեմիական թիավարության մեդալակիր, փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության «Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի» հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Աշոտ Հովհաննիսյանը հանդես եկավ երեք մրցաձեւում եւ առաջինը հասավ զույգով թիավարության մրցուղու վերջնակետին:

Խոսելով դժվարությունների մասին՝ Աշոտը նշեց, որ լճի տարածքում մաքրման աշխատանքների պատճառով ջրի մակարդակն էապես իջեցվել էր, ինչը խանգարում էր նավակների տեղաշարժին:

Բազմափորձ մարզիկի խոսքով՝ օլիմպիական մարզաձեւ համարվող ակադեմիական թիավարությունը Հայաստանում պետական մակարդակով չի արժեւորվում: Մրցաշարեր քիչ են կազմակերպվում, ֆինանսավորող չկա: Մարզիկները, հեռանկար չտեսնելով, թողնում են այս սպորտը:

Աշոտի նախասիրություններից մյուսը վազքն է: Այս տարի արդեն հասցրել է մի շարք մարաթոնների մասնակցել: Եթե աշխատանքային գրաֆիկը թույլ տա, սեպտեմբերին կմիանա նաեւ Կազբեկ լեռան շուրջ նախատեսվող վազքի մարաթոնին:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Աշոտ Հովհաննիսյանը