Ապրիլի 28-ին տեղի ունեցավ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի հերթական նիստը:

ՃԿՊԱ գիտխորհուրդը հրատարակման երաշխավորեց ակադեմիայի դասախոսների մշակած երեք նոր ձեռնարկ. «Ճառագայթային պաշտպանություն» դասագիրք (հեղինակ՝ Սիրուշ Հովհաննիսյան), «Փրկարարական աշխատանքներում կիրացվող փոքր մեխանիզացիայի միջոցներ» ձեռնարկ (հեղինակներ՝ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյան եւ հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյան), «Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում» մեթոդական ուղեցույց (հեղինակ՝ Տիգրան Հայրապետյան): «Ճառագայթային պաշտպանություն» դասագիրքը կուղարկվի կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ երաշխավորություն ստանալու:

ՃԿՊԱ գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց նաեւ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի այս տարվա առաջին (հերթական՝ 22-րդ) համարը: Համարում ներկայացված է տարբեր երկրների 62 հեղինակի 27 հոդված:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի որոշմամբ 2021 թվականի հունվարին ՃԿՊԱ-ն 4 տարով պետական հավատարմագրում է ստացել: ՃԿՊԱ գիտխորհուրդը հաստատեց հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման միջանկյալ հաշվետվությունը, որը կուղարկվի հիմնադրամին:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդյունքում, ՃԿՊԱ արցախցի 5 ուսանող չեն կարողանում գալ Երեւան եւ շարունակել ուսումը: ՃԿՊԱ-ն կարող է այս ուսանողների համար կազմակերպել առցանց ուսուցում: Գիտխորհուրդը որոշեց դիմել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ նման ձեւաչափով ուսուցում կազմակերպելու թույլտվություն ստանալու համար:

ՃԿՊԱ 2022-2023 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները կանցկացվեն մայիսի 4-ից հունիսի 14-ը: Երեք կրթական ծրագրով  (միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի) ակադեմիան ավարտում է 280 ուսանող:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ