Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման եւ միջին մասնագիտական կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվեցին ս/թ մայիսի 4-31-ը ժամանակահատվածում՝ արտակարգ իրավիճակների նախարարի հաստատած մասնագիտական քննական հանձնաժողովների կողմից ժամանակացույցին եւ ամփոփիչ ատեստավորման կարգի պահանջներին համապատասխան:

Ամփոփիչ ատեստավորման քննական գործընթացն ապահվված էր ինչպես նյութական բոլոր պայմաններով, այնպես էլ հոգեբանական բարենպաստ մթնոլորտով: Ստեղծված պայմանների ու քննական հանձնաժողովի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ առավել ստույգ գնահատել թողարկվող մասնագետի գիտելիքների եւ գործնական կարողությունների` կրթական վերջնարդյունքներին համապատասխանությունը: Քննության ժամանակ ուսանողները կարողացան պատշաճ մակարդակով ներկայացնել քննական տոմսերի հարցերը եւ ճիշտ պատասխանել հանձնաժողովի անդամների կողմից առաջադրված հարցերին:

Բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցմամբ 165 շրջանավարտ ավարտեց 5 մասնագիտության գծով՝ «Կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Քաղաքացիական պաշտպանություն)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Հրդեհային պաշտպանություն)», «Տրանսպորտային համակարգեր (Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում)»: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը շրջանավարտներին շնորհեց համապատասխան որակավորում եւ շրջանավարտներից 14-ին՝ գերազանցության դիպլոմ:

Միջին մասնագիտական կրթական ծրագրի երեք մասնագիտության գծով՝ «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» ավարտեց 80 շրջանավարտ, որից 22-ին շնորհվեց գերազանցության դիպլոմ:

2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտները ցուցաբերեցին որակավորումների ազգային շրջանակի համապատասխան աստիճանով նախատեսված եւ կրթական ծրագրով սահմանված մասնագիտական որակավորումներ, ինչը հիմք է տալիս շեշտել կրթական վերջնարդյունքների ստացված լինելու բարձր մակարդակը:

«Ակադեմիայում ստեղծված են հնարավոր բոլոր պայմանները որակյալ մասնագետների պատրաստման գործընթացը ԱԻՆ համակարգում գործող ստորաբաժանումների պահանջներին համապատասխան կազմակերպելու, թողարկվող շրջանավարտներին անհրաժեշտ գիտելիքներով, աշխատանքային կարողություններով զինելու ուղղությամբ, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառին», — քննության արդյունքներն ամփոփելով ասաց ակադեմիայի գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը:

Բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման 37 շրջանավարտ արդեն աշխատում է ԱԻՆ համակարգի տարբեր ստորաբաժանումներում, 25-ը՝ ուժային այլ կառույցներում, որոշներն էլ՝ այլ կազմակերպություններում:

Բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտների մի մասը ցանկություն է հայտնել շարունակել ուսումն ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրի տարբեր մասնագիտությունների գծով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների շուրջ 50%-ը կշարունակի ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրում:

«Հուսով եմ, որ մեր շրջանավարտներն ակադեմիայում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կկիրառեն դիմակայուն եւ անվտանգ պետություն ունենալուն, անվտանգության մշակույթ եւ անվտանգ միջավայր ձեւավորելուն: Բարի երթ, սիրելի շրջանավարտ, հաջողությունը քեզ միշտ ուղեկից: Այս փուլի ավարտը թո՛ղ լինի նորի սկիզբ…», – ամփոփեց ակադեմիայի պրոռեկտորը:

Ակադեմիայում 2022-2023 ուսումնական տարվա ընդունելությունն արդեն սկսված է: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ: