Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» էր այցելել ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը: Վերջինս այս պաշտոնում նշանակվել է մայիսի 9-ին: Մինչ այդ Արտյուշ Գրիգորյանը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր: Սա Արտյուշ Գրիգորյանի առաջին այցն էր ՃԿՊԱ:

Առաջին փոխնախարարը ծանոթացավ ՃԿՊԱ տեխնիկական հագեցվածությանը, կրթական եւ վերապատրաստման ծրագրեր անցկացնելու հնարավորություններին, ապա խորհրդակցություն անցկացրեց բուհի ղեկավարության հետ: Փոխնախարարը նշեց, որ նախկին աշխատավայրում շփվել է ակադեմիայի շրջանավարտների հետ, նրանք առանձնանում են մարդկային եւ մասնագիտական որակներով եւ սա բուհի մասին դրական կարծիք է ձեւավորում:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը փոխնախարարին ներկայացրեց ՃԿՊԱ գիտահետազոտական ձեռքբերումները՝ փլատակների վրա մագլցող ռոբոտ, իրազեկման համար օգտագործվող անօդաչու թռչող սարք եւ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս կարճ հաղորդագրությունների միջոցով իրազեկում իրականացնել որոշակի տարածքում, պարզել թե սողանքից կամ երկրաշարժից տուժած տարածքում քանի բջջային հեռախոս՝ քանի մարդ կա: Ծրագիրը ներդնելու համար ֆինանսական միջոցներ են պետք: Հարցը լրացուցիչ կքննարկվի:

ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ ղեկավարությունը մտադիր է բարձրացնել համակարգի ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը: Աշխատելու ենք բաց եւ թափանցիկ, ՃԿՊԱ-ում հմուտ դասախոսներ կան, որ կարող են առաջարկներ ներկայացնել, ամփոփեց Արտյուշ Գրիգորյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ