Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» քաղաքացիական, փրկարար ծառայող դասախոսները, ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի մասնագետներն ու երեք ուսանող այցելել էին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Մեծն Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոց: Նախաձեռնության հեղինակը դպրոցի զինղեկ Սամվել Մաճկալյանն էր, որը բազմիցս վերապատրաստվել է ակադեմիայում: Բացի սրանից, ՃԿՊԱ-ում սովորել եւ սովորում են այս դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ: Անժելիկա Դավինյանն, օրինակ, գերազանցությամբ ավարտել է ՃԿՊԱ մագիստրատուրան՝ «Հոգեբանություն» մասնագիտությամբ:

ՃԿՊԱ ներկայացուցիչները դպրոցի սաներին եւ ուսուցիչներին են ներկայացրել ՃԿՊԱ նպատակները, առաքելությունը, գործառույթները, կրթական ծրագրերը (միջին մասնագիտականից մինչեւ ասպիրանտուրա), մասնագիտությունները: Ներկայացվել է Հայաստանին սպառնացող բնական վտանգավոր երեւույթների եւ բնակչության պաշտպանության հարցերի վերաբերյալ զեկույց, կազմակերպվել են առաջին օգնության հմտությունների գործնական վարժություններ, ցուցադրվել են ՃԿՊԱ կրթական ծրագրերում եւ ԱԻՆ փրկարար ծառայությունում օգտագործվող անօդաչու թռչող սարքերը, փոքր մեխանիզացիայի միջոցները: ՃԿՊԱ դասախոսները պատասխանել են բոլոր հարցերին:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ