ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի տան նախաձեռնությամբ, ՃԿՊԱ-ում երաժշտական ցերեկույթով նշվեց ապրիլի 7-ը՝ Մայրության եւ գեղեցկության տոնը:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի, ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Հայաստանի  «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով 1995 թվականից ապրիլի 7-ին նշվում է Մայրության եւ գեղեցկության տոնը:

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» աշխատակիցներին եւ ուսանողներին շնորհավորելու էին եկել «911» պարախումբը («Միլեն» շոու բալետ, գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Եղոյան), երգիչներ Էդուարդ Զորիկյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Սամվել Մալոյանը, երգչուհի Նարինե Մկրտումյանը:

Մարդու կյանքում մոր ներկայությունը հասկանալու համար բավական է կարդալ մեծն Հովհաննես Շիրազի «Հուշարձան մայրիկիս» ժողովածուն: Շիրազից բացի շատերն մեծարել մորն ու կնոջը: Օրինակ Նիկոլայ Ներկասովը վստահ էր, որ կինը մեծ խոսք է։ Նրանում օրիորդի անաղարտությունն է, նրանում ընկերուհու ինքնազոհությունն է, նրանում մոր սխրագործությունն է։ Իսկ Ժան Ժակ Ռուսոյի կարծիքով, կարեւոր չէ, որ կինը շատ գեղեցիկ լինի, կարեւորն այն է, որ նրա մոտ տղամարդը մոռանա բոլոր գեղեցիկ կանանց:  Մարտի Մարնին էլ ասել է. մարդ լինելը դժվար է, կին լինելն՝ առավել եւս:

Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ եւ կյանք» Ըստ լեզվաբանների, հայերեն կին բառն առաջացել է «Կեն»՝ կյանք բառից, իսկ ահա չինարենում կին նշանակում է տան ներսի զարդ:

Մեծերն իհարկե նաեւ կատակել են կնոջ մասին: Կինը չհաջողված տղամարդն է՝ Ջեկ Լոնդոն: Չէի ասի, որ կանայք զուրկ են բնավորությունից, ուղղակի նրանք ամեն օր նոր բնավորություն ունեն՝ Հայնրիխ Հայնե:

ՃԿՊԱ-ում կազմակերպված ցերեկույթի ժամանակ կատակ-երգ ներկայացրեց նաեւ Էդուարդ Զորիկյանը՝ կինն ամեն ինչ կարող է: Երգից հետո եղան արձագանքներ՝ թե կատակը՝ կատակ, բայց իրոք մարդկության պատմության մեջ քիչ չեն պատերազմ կանխած կամ հայրենիք փրկած կանայք: Միայն հայ ֆիդայի կանանց անունների թվարկումը խոսուն է՝ Սոսե, Եղսո, Հայո-Հայաստան, Սաթենիկ Մատինյան, Մարո Մակարյան, Սաթո Օհանջանյան, Կիլիզար, Սասունցի Շաքեն, Մարիամ Չիլինգարյանը եւ այլք: Հայաստանի առաջին հանրապետությունը առաջին պետություններից էր աշխարհում, որ կանանց տվել է ընտրելու եւ հանրային կառույցներում ընտրվելու իրավունք: Առաջին հանրապետության Ազգային Ժողովում պատգամավորների 8 տոկոսը կանայք էին; 1920 թվականին Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Դիանա Աբգարը. աննախադեպ փաստ ոչ միայն Արեւելքի, այլեւ՝ Արեւմուտքի համար:

ՃԿՊԱ-ում մայրերին նվիրված միջոցառման ավարտին պատվոգրեր ստացան Ռուսաստանի դաշնության Թաթարստանի հանրապետության Տետյուշի քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետական քոլեջի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին անցկացված «Տեխնիկական անվտանգություն եւ բնապահպանական կառավարում» թեմայով տարածաշրջանային առցանց օլիմպիադայի  մասնակիցները՝ Զարուհի Հովհաննիսյան, Էլեն Տիգրանյան, Շուշաննա Մկրտումյան: Իսկ ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ներսեսյանը եւ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմագիտության թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանը՝ շնորհակալագրեր՝ ուսանողների օլիմպիադային նախապատրաստելու համար:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ