Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն,  մայիսի 10-18-ը անցկացվեցին «Աշխատանքներ բարձրությունների վրա՝ ճոպանների միջոցով» թեմայով փրկարարների վերապատրաստման դասընթաց։ Մասնակցում էին Երեւանի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի փրկարարական ստորաբաժանումների 12 ծառայող։

Դասախոսում էին Ուֆա քաղաքի արդյունաբերական ալպինիզմի եւ փրկարարների «Պրոֆսերվիս» կրթական կենտրոնի տնօրեն, բարձրության վրա աշխատանքների գծով հրահանգիչ Սվետլանա Չերկասովան եւ դասախոս, հրահանգիչ Մարատ Ալպարովը։

9-օրյա ծրագիրը գերհագեցած էր։ Սվետլանա Չերկասովայի խոսքով՝ հայ փրկարարները ծանոթացել են բարձրության վրա աշխատանքի անվտանգ մեթոդներին, պարանների միջոցով կատարել տարբեր անցումներ ու վայրէջքներ, ուսումնասիրել են հենման կետերը, իրականացրել որոնողական եւ տարհանման միջոցառումներ՝ երկու սցենարով․ մի դեպքում բարձրության վրա աշխատող երկու փրկարարներից մեկը ինչ-որ պատճառով կորցնում է գիտակցությունը, եւ նրան պետք է անհապաղ իջեցնել, մյուս դեպքում տուժածը քաղաքացիական անձ է, որին պետք է տարհանել պատգարակի միջոցով։

«Տղաներն ամեն ինչից գլուխ են հանում, ունեն կամք, ոգի ու սովորելու ցանկություն։ Ինձ համար պատիվ է նման լուրջ մարդկանց գիտելիք փոխանցելը»,- հավելեց «Պրոֆսերվիս» կենտրոնի տնօրենը։

Առավել մանրամասն՝ այստեղ