Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրվելու օրը, ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց տոնական միջոցառում։ Նախաձեռնել էր ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը։

ՃԿՊԱ սաներն ասմունքեցին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, ցուցադրվեց նրա մասին պատմող կենսագրական ֆիլմ։ Միջոցառումից առաջ միջին մասնագիտական և բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները նախանշել էին իրենց ընկերների նախընտրելի գրքերը՝ ըստ ժանրի։  Եվ յուրաքանչյուրն իր գրադարանը համալրելու հնարավորություն ունեցավ։

Մշակույթի հանձնաժողովի նախագահ Աստղիկ Խաչատրյանի խոսքով՝ օրվա խորհուրդը մեզ հասած ժառանգությունը պահելն ու այն սերնդեսերունդ փոխանցելն է։ «Հովհաննես Թումանյանի մտքերն այսօր էլ արդիական են, ուրեմն ներկան ճիշտ ապրելու և ապագան կառուցելու համար պետք է պարզապես վերհիշել անցյալը։ Հայրս մեծ գրադարան ուներ և ինձ «ստիպում էր» ամեն օր 10 թերթ գիրք կարդալ՝ բակ իջնելու պայմանով։ Ուրախ եմ, որ այսօր շատ պատանիներ և երիտասարդներ առիթը չեն կորցնում նոր գիրք ձեռք բերելու համար։  Շատերը նույնիսկ անձնական գրադարան են ստեղծում»,- հավելեց Աստղիկը։

Հանդիպման ավարտին ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանը կրկին մատնանշեց Թումանյանի մեծությունը, որը կարողանում էր թարգմանություն անել 10 լեզվով։ Նրանից կարելի է անվերջ սովորել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ Աշխեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻ