ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի սաները մասնակցում են «Ապագայի ակտիվ քաղաքացին» նախագծին, որի նպատակն է բարելավել երիտասարդների քաղաքացիական կրթության որակը ոչ ֆորմալ կրթական մոտեցումներով։

Նախագիծը համատեղ իրականացնում են «Հռիփսիմյանց շունչ» հասարակական կազմակերպությունը, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը։ Ֆինանսավորում են Եվրոպական միությունն ու «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։

4 փուլից բաղկացած ծրագրում ներառվել են Ստեփանավանի 4 ավագ ուսումնական հաստատությունները։ Յուրաքանչյուր փուլին մասնակցում է ամեն կրթօջախից 5-ական սան։

Ծրագրի առանցքում հետևյալ թեմաներն են՝

  • Մարդու իրավունքներն ու ազատությունները։ Մասնակիցները ձեռք են բերում գիտելիք մարդու իրավունքների և ազատությունների, դրանց դասակարգումների, պաշտպանության մեխանիզմների հիմնական փաստաթղթերի, մարդու իրավունքների և ազատությունների խախտումների դրսևորումների վերաբերյալ։
  • Կայուն զարգացման նպատակները /SDG/։ Ներկայացվում են կայուն զարգացման նպատակները, դրանց նշանակությունը, դասակարգումը, գործնական կիրառումն ու ազդեցությունը։
  • Ակտիվ քաղաքացիություն ու համայնքային մասնակցություն։ Մասնակիցները ծանոթանում են մասնակցայնության, տեղական ինքնակառավարման, ներկայացուցչական և մասնակցային ժողովրդավարության գաղափարին, ակտիվ և պասիվ մասնակցության գործիքակազմերին, ուսումնասիրում են համայնքային կայքը՝ որպես տեղեկատվության աղբյուր և մասնակցության գործիք։ Մասնակիցները հետևում են ներկա պահին համայնքում ընթանող մասնակցային բյուջետավորման գործընթացին և մշակում գաղափարներ։

Ծրագրի ավարտին նախատեսվում է ինտելեկտուալ խաղերի մրցույթային փուլ։

Ներկայում ընթանում է երկրորդ փուլը։ ՃԿՊԱ Ստեփանավանի ուսումնական բազայի 10 ուսանող արդեն ներգրավված է ծրագրում։ Հաջորդ երկու փուլերին մասնակցելու են առաջին կուրսի ուսանողները։

Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ