ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել է ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարար ծառայողների վերապատրաստման 2025 թվականի պլանը, ըստ որի՝ այս տարի կկազմակերպվի վերապատրաստման 25 դասընթաց, որոնց կմասնակցի 1240 մարդ՝ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ և հրամանատարի տեղակալներ, խմբի և հերթափոխի պետեր, օղակի հրամանատարներ և այլք:

Նախատեսվում է 8 դասընթաց Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով։

Դասընթացների թեմաներն են՝

  • «Էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների առանձնահատկությունները,
  • Սահմանափակ տարածքներում հակածխային օղակի աշխատանքների կազմակերպման հիմունքներ,
  • Շնչառության համար ոչ պիտանի միջավայրերում փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • Արևային և հողմային էլեկտրակայանների հրդեհաշիջման առանձնահատկությունները,
  • Լեռնափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
  • Հեղեղման և աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում և այլն։

Տարվա ընթացքում ՃԿՊԱ դասախոսները կիրականացնեն նաև «Փրկարարական պատրաստություն» և «Հակահրդեհային պատրաստություն» թեմաներով վերապատրաստման դասընթացներ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ինչպես նաև մասնագիտական դասընթացներ՝ էկոպարեկային ծառայության անձնակազմի համար։

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետը տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ կկազմակերպի նաև մարզերում: Շարունակական համագործակցություն է նախատեսվում այլ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ։

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ՃԿՊԱ-ում վերապատրաստվող փրկարարների թիվն ավելացել է 135-ով։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ