Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ավարտվեց միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսերի ուսումնական պրակտիկայի հաշվետվությունների պաշտպանությունը։
Պրակտիկայի ընթացքում ձեռք բերած գիտելիքի և հմտությունների մասին զրուցել ենք «Կառավարում արտակարգ իրավիճակներում» և «Հրդեհային պաշտպանություն» բաժինների սաների հետ։
Կառավարման ապագա մասնագետ Էսմինա Գասպարյանի ուսումնասիրության թեմաներից մեկը երկրաշարժն է։ Իսկ նույն կուրսից Օֆելյա Մանուկյանն ընտրել է երաշտի թեման՝ ուսումնասիրելով Աֆրիկայում, Ավստրալիայում և Հայաստանում գրանցված երաշտների վիճակագրությունը։
Նարե Գալստյանի թեման հրդեհն էր։ Նա իր աշխատանքում անդրադարձել է հրդեհի ծագման պատճառներին, առաջնային հրդեհաշիջման միջոցներին, հատուկ նշանակության օբյեկտներում կիրառվող կրակմարիչների տեսակներին, դեպքի վայր մեկնելիս փրկարարների գործողությունների ընթացակարգին և այլն։
«Հրդեհային պաշտպանություն» բաժնի ուսանող Մարիամ Թաթոյանին պրակտիկայի ընթացքում ամենաշատը հետաքրքրել էր շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարի աշխատանքը։ Սովորել է օգտվել շնչառական ապարատներից, հաշվարկել ռիսկերը։ Կինոլոգներին և փրկարար շներին հանդիպելուց հետո որոշել է՝ դա հենց այն մասնագիտությունն է, որով ուզում է աշխատել։
Նույն բաժնից Առնոլդ Ավագյանն ու Արսեն Մակարյանը ուսումնասիրել են հատուկ նշանակության օբյեկտներում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Մատենադարանում հրդեհային անվտանգության ապահովման համակարգը, վերհանել խնդիրները։
Առնոլդը հայրիկի հետքերով է գնալու՝ փրկարար է դառնալու։ Փոքրուց տեսել է նրա աշխատանքը։ Եվ քանի որ մարդկանց օգնելը որպես առաքելություն է ընտրել, պատրաստ է դիմակայել ամեն դժվարության։


Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ