Կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, «911» խմբագրության երկարամյա աշխատակից, գլխավոր խմբագիր, բազմափորձ լրագրող և վերլուծաբան Արամ Զաքարյանը։

Նրա մասնագիտական ուղու մասին կարելի է երկար խոսել։ Աշխատելով թե՛ մասնավոր, թե՛ պետական լրատվամիջոցներում՝ նա միշտ հավատարիմ է մնացել լրագրողի բարձր առաքելությանը՝ լինել անաչառ և արդարամիտ։

Արտակարգ իրավիճակների համակարգում Արամ Զաքարյանն իր ուրույն ներդրումն է ունեցել։ Նա քաջատեղյակ էր աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջազգային ու տեղական ծրագրերից, հրատարակվող գրականությունից և նորություններից։ Անվտանգության խնդիրներին վերաբերող իր սուր, վերլուծական հոդվածներում անհնար էր չտեսնել նրա անձնական մտահոգությունը՝ առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացի։ Նա իր գործին նվիրված մասնագետ էր, որը հավատում էր խոսքի ուժին։ Կարողանում էր համագործակցության եզրեր ստեղծել, ուր էլ որ գնար։

Արամ Զաքարյանին ճանաչողները գիտեն, թե ինչ դիպուկ համեմատություններով և ասույթներով էր նա համեմում իր դասախոսությունները, որոնք անցնում էին լեցուն լսարանում։ Նա միշտ կատարելագործում էր իր մասնագիտական հմտությունները, մասնակցում ճգնաժամային հաղորդակցության թեմայով վերապատրաստման դասընթացների։ «Մարդը չի կարող արձագանքել նրան, ինչը չի պատկերացնում»՝ վստահ էր փորձառու լրագրողը։

Անգնահատելի է Արամ Զաքարյանի դերը Հայաստանում աղետների ռիսկի կառավարման եվրոպական և ճապոնական փորձի տեղայնացման հարցում, ինչի մասին նա խոսում էր տարբեր ամբիոններից։

Նրա մարդ տեսակի եզակիությունը հարեհաս, հոգատար և աջակցող լինելու մեջ էր։

Արամ Զաքարյանը նաև հոգևոր մեծ արժեքների տեր մարդ էր։ Սիրում էր գեղանկարչություն, թատրոն և պոեզիա։

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Արամ։ Թող լուսավոր լինի քո երկնային ճամփան։

 

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ