Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «Ռիսկերի կառավարում» խորագրով կլոր սեղան-քննարկում, որը նախաձեռնել էին ուսանողական գիտական ընկերությունն ու ուսանողական խորհուրդը։ Մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Արմավիրի տարաշրջանային, Երևանի տեխնոլոգիական, Երևանի հայ-հունական պետական, Երևանի հենակետային բժշկական և Ֆինանսատնտեսագիտական քոլեջներից։ Ներկաներին ողջունեց ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանը։
Հրավիրյալ բանախոս էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աղետների ռիսկի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, որն իր մասնագիտական ուղին սկսել է Ստեփանավանի «Լոռէ» կամավոր փրկարարական ջոկատից և ԱՌՆ ոլորտում տասնյակ տարիների փորձ ունի։
Նա ներկայացրեց մեր երկրում ճգնաժամային կառավարման խնդիրները, հատկապես՝ Սպիտակի երկրաշարժից քաղված դասերը, որոնցից գլխավորը սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումն է։
Հանդիպման ավարտին մասնակիցներն ուղղեցին իրենց հուզող հարցերը։ Բանախոսը խորհուրդ տվեց լավ սովորել, լինել Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացի, հավատալ սեփական ուժերին, իսկ Մասիս խոշորացված համայնքում և մոտակա բնակավայրերում ապրող ուսանողներին ուղղորդեց պարտադիր կամավորագրվել Մասիս համայնքում հիմնված առաջին կամավոր փրկարարական ջոկատին, որի անդամները հունվարի 14-ից եռամյսա փորձաշրջան կանցնեն ՃԿՊԱ-ում ՝ փրկարարի որակավարում ստանալու համար։
Ուսանողական գիտական խորհրդի նախագահ, դասախոս Անի Գևորգյանը հավելեց, որ 2025 թվականի մարտին ակադեմիայում կկայանա մեծ գիտաժոդով՝ նվիրված ռիսկերի կառավարմանը։ Ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը, իսկ զեկույցները կտպագրվեն ակադեմիայի գիտական ժողովածուում։
ՃԿՊԱ դասախոսները պատրաստ են ԱՌՆ մասով տալ մասնագիտական խորհրդատվություն։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ