Դեկտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնը Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում հանդես եկավ իր «Աղետիկը ամանորին» երաժշտական ներկայացմամբ։
Բեմադրությունը ցույց է տալիս Ամանորի եռուզեռի շրջանում հնարավոր վտանգները տոնածառը զարդարելիս, ջեռուցման սարքերից օգտվելիս և այլն։ Երեխաները սովորեցին նաև 911 փրկության հեռախոսահամարը։
Ըստ սցենարի՝ Կայծակը, Փոթորիկն ու Աղետիկը, որոնք հրավիրված չեն տոնական հավաքույթին, որոշում են խոչընդոտել Ձմեռ պապի ու Ձյունանուշի գալուստին և բուք ու բորան ստեղծում նրանց ճանապարհին։ Մոլորվածներին օգնության է հասնում փրկարարը։ Երեք չարագործները հայտնվում են զնդանում, սակայն հանդիսատեսը ներում է նրանց, քանի որ Ամանորը բարություն ու ներողամտություն է խորհրդանշում։
Հանդիպման ավարտին կենտրոնի սաներն արտասանեցին, պարեցին և լուսանկարվեցին փոքրիկ դերասանների հետ։
Դեկտեմբերի 27-ին «Աղետիկը» կհյուրընկալվի Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ