Նախորդ տարի ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան համատեղ միջոցառում էր կազմակերպել Երևանի «Ամենագետներ» նախակրթարանի հետ։

Օգտվելով ՃԿՊԱ հիմնադիր ռեկտոր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը» խորագրով մանկական ուսուցողական բանաստեղծությունների ժողովածուից՝ նախակրթարանի անձնակազմը միջին խմբի սաների հետ իրականացրել էր կենցաղային հրդեհների, երկրաշարժի, ջրհեղեղի և այլ աղետների վերաբերյալ բաց դաս։ Դասի շրջանակում 4-5 տարեկան երեխաները նաև թեմատիկ նկարներ էին պատրաստել։

Միջոցառումից մեկ տարի անց ՃԿՊԱ  մասնագիտական ուղղորդման և կարիերայի պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանը նոր կյանք է տվել երեխաների նկարներին և կազմել 2025 թվականի օրացույցներ։ Դրանք կբաժանվեն ակադեմիայի և «Ամենագետներ» նախակրթարանի աշխատակիցներին։

«Բոլորին հանձնարարվել էր պատկերել ջրհեղեղը, ուժեղ քամին և հրդեհը։ Եթե հոգեբանորեն նայենք, ամեն երեխա իր ուրույն պատկերացումն ունի աղետի վերաբերյալ՝ անկախ մանկավարժների ուղղորդումից։ Կարծում եմ՝ անվտանգության մշակույթի տարածման համար բոլոր ձևաչափերն ընդունելի են»,- նշեց Ռուզաննա Ղարիբյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ