Դեկտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ տղաների սեղանի թենիսի ներբուհական առաջնություն։ Նախաձեռնել էր ՃԿՊԱ ուսանողական խորհրդի սպորտի հանձնաժողովի նախագահ Գեորգի Հայրապետյանը՝ մագիստրոսի կրթական ծրագրի ուսանող, «Կյանքի աստղի միջազգային կոմիտե» միջազգային մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Դաշյանի հետ համատեղ։

Հաղթող ճանաչվեց բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» բաժնի ուսանող Դմիտրի Դարբինյանը։ Մյուս մրցանակային տեղերը զբաղեցրին Անդրանիկ Դանիելյանը և Արամ Մանուչարյանը։ Բոլորին շնորհվեց մեդալ ու պատվոգիր։

Դմիտրի Դարբինյանը թենիսով զբաղվում է երեք տարի։ Նշում է՝ մրցույթներին չի մասնակցում, եթե իր ուժերի վրա վստահ չէ։ Ինչպես ցանկացած հաղթանակ, սա էլ հեշտ չտրվեց։ Նման հանդիպումները միանշանակ բարձրացնում են ոգևորությունը և դրդում նոր նվաճումների։

«Իհարկե պայքարում էի առաջին հորիզոնականի համար, բայց երրորդից էլ եմ գոհ։  Կցանկանայի, որ այսպիսի մրցույթները շատ լինեն։ Մեծ հաճույքով կմասնակցեմ»,- ամփոփեց Արամ Մանուչարյանը։

 

Հայկանուշ ՄՈՒԺԻԿՅԱՆ
Լուսանկարները՝ Սյուզաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ