Մանկությունը միշտ երանությամբ ես հիշում։ Առաջին երկանիվ հեծանիվդ, աղմկոտ բակային խաղերդ, դասերից փախչելդ, առաջին սերդ։ Իսկ եթե երկրաշարժը զրկում է քեզ այդ ամենի՞ց։
«Մայլից մայլա» գրքի և աղետը վերապրած գյումրեցիների մասին զրուցել ենք գրող Լիլիթ Մկրտչյանի հետ։
-Ինչպե՞ս ծնվեց «Մայլից մայլա» գրքի գաղափարը։ Եթե երկու բառով բնութագրենք՝ ինչի՞ մասին է։
-Գիրքը գրել եմ Շուշիում, որտեղ բնակվել եմ 8 տարի։ Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնում պրոդյուսեր էի, այնտեղ նաև երեք պիես բեմադրեցի։
Այդ ընթացքում Գյումրին շատ էի կարոտում։ Մի օր մտքերս թև առան, գնացի-հասա մինչև երկրաշարժի օրերը, մեր ապրած տարիները։ Գիրքը պատմում է, թե ինչպես մենք վերապրեցինք երկրաշարժը, ինչպիսին են Գյումրու դեմքերը, կենցաղը և մարդկային շփումը։
Սա կարոտի գիրք է։
-Պատմվածքների մի ամբողջ շարք նվիրել եք երկրաշարժին՝ «10950 օր ժաժք» խորագրի ներքո։ Կարծես թե խորհրդանշական թիվ է։
-Երկրաշարժից հետո 30 տարիներն են․ 10950 օր՝ ուղիղ 30 տարի։ Ցավով եմ նշում, որ երկրաշարժից տասնյակ տարիներ անց դեռ 4000-ից ավելի ընտանիք բնակվում է տնակներում։ Զբոսաշրջիկները տեսնում են սիրուն, զարգացող Գյումրին, բայց իրականում դրա հետևում երկրաշարժից ավերված Լենինականն է՝ իր մարդկային ճակատագրերով։ Հետաքրքիրն այն է, որ այդ պայմաններում մեծանալով՝ մենք աշխարհին տվեցինք շատ ճանաչված դեմքեր։ Պարապելով Գյումրու երիտասարդական պալատում, որը 32 տարի տնակում էր գործում և ուներ 1,5 մետր բարձրություն, մեր երիտասարդները հասան արտասահման ու վերադարձան մրցանակներով։ Նույնը նաև ծանրամարտի չեմպիոններին է վերաբերում։
-Բոլոր պատմություններն ունեն հստակ սյուժե և հերոսներ։ Այս ամենն իրականությու՞ն է, թե՞ ավելի շատ՝ հորինվածք։
-Օրինակ՝ «Կարմիր կոշիկներով սատանեն» պատմում է մի ընտանիքի մասին, որը զոհ է գնում երկրաշարժին, իսկ հրաշքով ողջ մնացած հերոսը հայտնվում է հոգեբուժարանում, փորձում հաղթահարել իր վախերը։ «Տեղական թոզն ու իմպռտնի փոշին» պատմվածքը մեզ բաժին հասած ձվի ու կարտոֆիլի փոշիների մասին է, որոնցից պատրաստում էինք ամեն ինչ։ «Վերասյա կյանք»-ը ցույց է տալիս ապառիկ առևտուրը՝ «նիսյան», ինչն այսօր էլ շատ մարզերի խանութներում տարածված երևույթ է։ «Տրալեյբուսի ֆոկուզներ»-ում ընթերցողը տեսնում է, թե ինչպես մի «ֆոկուսով» մեր քաղաքում վերացան տրոլեյբուսները։ Էլի պատմվածքներ կան գյումրեցի երկու երեխայի մասին, որոնք ուզում են փախչել Արցախ՝ պատերազմին մասնակցելու, լվացքի պարանների՝ «չվանների» մասին, որոնց վրա մարդիկ փռել էին իրենց հույսերն ու անվերջ սպասում էին։ Բոլորն իրական պատմություններ են։
-Զարմանալի է, որ այսչափ պատկերավոր հիշում եք կատարվածը։ Քանի՞ տարեկան եք եղել երկրաշարժի ժամանակ։
-5 տարեկան․ շատերը զարմանում են, թե ինչ վառ են հիշողություններս։ Ահագին ժամանակ ինքս ինձ էի մեղադրում երկրաշարժի համար, որովհետև երբ առաջին ցնցումն սկսվեց, ես փորձում էի արդուկը միացնել վարդակին։ Ինձ թվում էր, թե ինչ-որ սխալ բան եմ արել։ Փառք Աստծո, մեր ընտանիքից կորուստներ չունեցանք, միայն տունն էր մի քիչ վնասվել։ Միշտ հիշում եմ հարազատներիս դեմքերը․ մեկն իր երեխային էր փնտրում, մյուսը՝ դիեր տեղափոխում։ Հնարավոր չէ դա մոռանալ։
-Ընդհանրապես երկրաշարժի նման զգայուն թեմայով ստեղծագործությունները դժվար են ընթերցվում, բայց Դուք գտել եք լուծումը՝ ասելիքը կառուցելով հումորի վրա։ Դա հատու՞կ է արված։
-Հումորն ամեն գյումրեցուն բնորոշ բան է, ոչ մի հատուկ միտում չկա։ Երբ երկրաշարժից հետո ճապոնացի բժիշկները եկան ու մեզ տեսնելով՝ պնդում էին, որ այստեղ սերունդ չի մեծանա, որ մարդիկ հոգեկան ցավը հաղթահարել չեն կարողանա, մենք, նրանց հակառակ, ապրեցինք։ Ապրեցինք՝ հումորի շնորհիվ, որովհետև ուրիշ ոչինչ չկար, ինչից կարելի էր կառչել։ Մի այսպիսի պատմություն կա․ իրար հետ վիճած երկու հարևանի տները երկրաշարժից փլվում են, և շենքի հարկերը հավասարվում են։ Երկուսն էլ մնում են փլատակների տակ։ Իրար հանդիպելիս մեկը մյուսին ասում է․ «Յա՜, մենք խռով էինք, ինչի՞ ես եկել մեր տուն» (ծիծաղում է, հեղ)։
Այդ օրերին ծնված ամեն պատմություն գյումրեցու աչքի տեսածն է, ոչ մի անեկդոտ «գողացված» չէ։ Առաջ հոգեբանները մոդա չէին․ մեր հոգեբանը հումորն էր։
-Ինչպիսի՞ն էր մարդկանց առօրյան տնակներում, ինչո՞վ էին զբաղվում երեխաները։
-Չգիտես ինչու՝ վրան էինք խփել դրսում։ Հարևանները համոզված էին, որ մեր տունը չի փլվի, միշտ հավաքվում էին մեր տանն ու բակում։ Լուսավոր պահերից հիշում եմ այն երկու պարկ մանդարինը, որը որոշեցինք հյուրասիրել հարևանի 3 տարեկան երեխային, ով կորցրել էր մորը։ Խեղճն այնքան կերավ, որ ալերգիայի մեջ ընկավ (ժպտում է, հեղ)։ Թաղի՝ մայլի երեխեքով ծիծաղում էինք իրար վրա, ասում-խոսում, ու օրն անցնում էր։
-«Օբշի բաղնիքի նամուսով օջիլները» պատմվածքում խոսվում է Նոր տարվա, Նոր տարուց առաջ պարտադիր լողանալու ավանդույթի մասին։ Երկրաշարժից հետո նշվու՞մ էր այդ տոնը։
-1989-ի Ամանորը չնշվեց։ Զոհվածների թիվը մեծ էր, պաշտոնական տվյալներով՝ 25 հազար, բայց իրականում՝ ավելին։ Հորաքույրս պատմում էր, որ գերեզման գնալիս թաքնվում էր քարերի հետևում, որ ծանոթ մարդու չհանդիպի։ Ողջ մնացածներն ամաչում էին նայել մյուսների երեսին, որոնք կորցրել էին իրենց հարազատներին։ Երկար ժամանակ ոչ ոք տոնելու սիրտ չուներ, բացի դրանից՝ Գյումրուց երեխաների մեծ արտահոսք եղավ։ Շատերին տարան Երևան, արտասահման․․․
-Գյումրեցիների փոխհարաբերությունները, լինի ուսուցիչ-աշակերտ, երեխա-մեծահասակ թե կին-տղամարդ, այսպես եք բնութագրել․ «․․․այդ կեղտի և տնակների փոշու մեջ կար մաքրություն»։ Աղետից 36 տարի անց գյումրեցին նու՞յնն է մնացել։
-Մեր քաղաքն ուրիշ է։ Այստեղ առայսօր պահպանվում են պապական ավանդույթները։ Ամոթխածությունը, պատշաճ հագուկապը, միմյանց նկատմամբ հարգանքը, վստահ եմ, երբեք չեն փոխվի։
-Ի՞նչն օգնեց գյումրեցուն ոտքի կանգնել, վերագտնել լավատեսությունը։
-Երևի այն, որ մի ընտանիքի նման ենք ապրել, ամեն մեկս գիտեր մյուսի ցավը։ Սովորում էինք նախկին փլված դպրոցի տեղում կառուցված տնակում։ Այդտեղ շատերն էին զոհվել։ Մեր ուսուցիչներից ոմանք երեխա էին կորցրել և բացարձակ հետաքրքրված չէին թե՛ դպրոցով, թե՛ դասով։ Հիշում եմ՝ ամեն մեկս երկու փայտ էր տանում դպրոց, որ վառենք, մյուսներն աթոռներին դնելու բարձեր էին բերում, որ չմրսենք։ Դիզելային վառելիքի ծխից հաճախ ամբողջ դասարանը գլխացավ էր ունենում։ Հետո վառելիքի մի մասը թափվում էր, հրդեհ էր բռնկվում, և բոլորս սկսում էինք մարել։ «Հավես» տարիներ էին։ Գրքումս այդ օրերից տիպիկ նկարներ կան՝ տաղանդաշատ գյումրեցի նկարիչ Աշոտ Հակոբյանի ձեռքով։
-Գրքում պահպանել եք Գյումրու բարբառը։ Արդյոք գրական հայերենն ավելի մեծ թվով լսարանի հասանելի չէ՞ր լինի։
-Գյումրու մասին միայն Գյումրու բարբառով կարելի է խոսել։ Առանց դրա համը կկորչեր, աղն ու բիբարը կպակասեր։ Այս գիրքն արդեն հասել է շատ երկրներ, դրա շնորհիվ շատերն իմացել են Գյումրու կյանքի ու կենցաղի մասին։ Կարծում եմ՝ այսքանը հերիք է, պետք է նաև այլ թեմաներից խոսել։
-Գիրքն ադապտացվել է և բեմադրվել Գյումրու Մտորումների թատրոնում։ Ներկայացումը կարողացե՞լ է ամբողջությամբ փոխանցել Ձեր ասելիքը։
— Պիեսում երկրաշարժին նվիրված հատվածը ներառված չէ, հիմնականում ներկայացվում է Գյումրու կենցաղը, մայլից մայլա կապը։ Ներկայացումը բավականին լավն է, նույնիսկ մայրաքաղաքից է հանդիսատես գալիս։
-Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա գյումրեցի երիտասարդներին։
-Մերոնք ուրիշ են։ Օրինակ՝ երիտասարդական նախագծեր են «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի դիմաց «Վառեմ-մարեմ» արվեստանոցը, անեկդոտների պատը, քաղաքի մաքրության պահպանմանն ու Գյումրու դռների վերականգնմանն ուղղված ծրագրերը և այլն։ Գյումրեցի երեխաները շատ են կարևորում հատկապես ոչ ֆորմալ կրթությունն իրենց կյանքում։
-Լիլի՛թ, նոր գրքի գաղափարներ կա՞ն։
-Վերջերս լույս է տեսել իմ «Տունը» ժողովածուն՝ նվիրված Արցախին ու արցախցիներին։ Երբ 2020 թվականին հրատարակվեց «Մայլից մայլա» գիրքը, նախատեսում էի շնորհանդեսն անել Շուշիում։ Սակայն պատերազմն ամեն ինչ փոխեց։
Շուշին շատ նման էր Գյումրուն՝ իր կլիմայով, մարդկանց ապրելակերպով, ճարտարապետությամբ։ Մեջս պարտքի զգացում կար․ Շուշիում գրեցի Գյումրու, իսկ Գյումրիում՝ Շուշիի մասին։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Հայկանուշ ՄՈՒԺԻԿՅԱՆ
Լուսանկարները՝ Լիլիթ Մկրտչյանի անձնական արխիվից