Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ՝ նախորդ շաբաթ Աղվերանում կայացել է մասնագիտական կրթության և ուսուցման՝ ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման մասնագետների տարեկան ամփոփիչ հանդիպումը։ ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից մասնակցում էր մասնագիտական ուղղորդման և կարիերայի պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանը։

Ներկաները ծանոթացել են՝

  • աշխատաշուկայի վիճակագրությունն արդյունավետ վերլուծելու,
  • երիտասարդներին կարիերայի վերաբերյալ որոշումներ կայացնելու և նրանց աջակցելու և այլ գործիքների։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ստեղծած ինտերակտիվ հարթակը, որտեղ հնարավոր է դիտել տվյալ բուհի ուսանողների և շրջանավարտների առաջադիմությունը, աշխատանքի տեղավորման, երկու աշխատանքի համատեղման հնարավորությունները և այլն։ Այսինքն՝ փաստաթղթային հաշվետվությունը հասցվել է նվազագույնի։

Ռուզաննա Ղարիբյանի խոսքով` տարեսկզբին կարիերայի կենտրոնների բոլոր պատասխանատուները ներկայացրել են համակողմանի տեղեկություն 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների աշխատանքային գործունեության վերաբերյալ։ Այդ տարում ՃԿՊԱ-ն ավարտել է 164 շրջանավարտ, որոնցից 21-ը զորակոչվել է հայոց բանակ, 8-ը՝ տեղափոխվել արտերկիր։ Իսկ մոտ 80 տոկոսը շարունակել է կրթությունն ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցմամբ։ Հեռակայող ուսանողներից 10-ն աշխատում է իր մասնագիտությամբ, 7-ը՝ այլ։ Հունվարին պատրաստ կլինի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների վերաբերյալ հաշվետվությունը։

Կարևորելով ուսանողների հաղորդակցման հմտությունների և գործնական կարողությունների զարգացումը՝ ՃԿՊԱ կարիերայի կենտրոնը եկող տարում նախատեսում է մի շարք ինտերակտիվ միջոցառումներ, արտալսարանային այցեր, տարբեր ոլորտի մասնագետների հետ հանդիպումներ, ինչը նոր հեռանկարներ կստեղծի ուսանողների համար՝ տարբեր ոլորտներում իրենց ուժերը փորձելու։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ՌՂարիբյանը