Դեկտեմբերի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «Դեռահասների շրջանում սննդի անվտանգության ապահովումը՝ որպես անվտանգության մշակույթի բաղադրիչ» թեմատիկայով հանդիպում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, մի շարք խոհարարական փառատոների կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանի հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանը։
Մասնակցում էին միջին մասնագիտական և բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները։
Նախաձեռնության հիմք էր հանդիսացել պատանիների շրջանում հաճախ հանդիպող գլխացավերը, սրտխառնոցի ու թուլության դեպքերը։
Սեդրակ Մամուլյանն ասաց՝ ընտանիքի դերը շատ կարևոր է երեխայի առողջության հարցում։ Ընտանեկան համեղ ուտելիքը, սպիտակուցներով և վիտամիններով հարուստ սնունդը լիարժեք կբավարարի երեխայի քաղցի զգացումը, կհաղորդի էներգիա և «կստիպի» արագ սնունդը փոխարինել առողջով։ Մշակույթ պետք է դարձնել նախաճաշ ուտելը, ինչը դեռահասների օրգանիզմի զարգացման համար անհրաժեշտ գործոն է։
Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ պատահաբար չէ, որ միայն հայոց լեզվում կա «խոհարար» բառը, այսինքն՝ միտք արարող։ Խոհանոցի միջոցով կարելի է դատել տվյալ երկրի ժողովրդի մասին։ «Ազգային խոհանոցը ցույց է տալիս մեր աշխարհընկալման և աշխարհի հետ հարաբերության ձևը, օրինակ՝ Ամանորի հիմնական ուտեստներից մեկը` Նավասարդի հարիսան։ Այն սովորական հարիսայից տարբերվում է նրանով, որ չի հարվում, որպեսզի եկող տարում պատերազմ չլինի։ Սա աշխարհընկալու՞մ է, թե՞ ոչ։ Խոհանոցը կերակրատեսակային համակարգ է, որը ցույց է տալիս մեր պատկերացումը, մեր դիմագիծը, մեր կերպարը և ընդհանրապես՝ մեր ով լինելն այս աշխարհի վրա»,- նշեց մասնագետը։
Նա նաև խոսեց մշակութային արժեքներին, հատկապես՝ ազգային խոհանոցին տեր կանգնելու անհրաժեշտությունից։ Կարևորվեց թոնրի գաղափարը, որն «արև է՝ գետնի մեջ»։ Միայն հայկական թոնիրն է գետնափոր, իսկ մյուս ժողովուրդները թոնիրը կառուցում են գետնի վրա՝ հարմարեցնելով թխման համար։
Անդրադառնալով խոհարարությանը՝ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ լավ պատրաստելը բավարար չէ լավ խոհարար կոչվելու համար։ Խոհարարը պետք է լինի անկեղծ, մաքուր, կենսախինդ ու հայրենասեր։ Նրա համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, իսկ նրա առողջությունը՝ առավելագույն նպատակ։
Որպես վերջաբան` անվանի խոհարարը հորդորեց բոլորին Ամանորն ընտանիքում նշել, առանց ամաչելու ներողություն խնդրել ձեզ թանկ մարդկանցից, ձերբազատվել հին մտածելակերպից։ Իսկ ամանորյա սեղանին պարտադիր պետք է մատուցել տոլմա, Նավասարդի հարիսա, տարեկանի հաց, կճախաշ, անուշապուր, չրերով ապուրներ` եկող տարին քաղցրացնելու համար։
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ