Դեկտեմբերի 6-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «Ստեփանավանը երկրաշարժից հետո և հիմա» խորագրով լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցին։
Նախագիծն իրականացրել էին «911» խմբագրության լրագրող Անի Անտոնյանը, ՃԿՊԱ ստեփանավանցի ուսանողներ Անուշիկ Մաճկալյանը, Սյուզի Շահինյանը և Ջուլիետա Ոսկանյանը։ Նախաձեռնության գաղափարն էր տեսնել, թե որքանով է ներկա սերունդը կրում երկրաշարժի գենետիկ հիշողությունը և ինչ դեր ունի իր համայնքի շենացման հարցում։
Համադրման առումով ցուցադրությունը հիշեցնում էր փլատակներ, որոնց միջով անցնելով՝ անցյալում ես թողնում երկրաշարժի ավերածությունները և կանգ առնում նոր իրականության առջև։
Արխիվային լուսանկարները թվայնացրել ու տրամադրել էր Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տեխնիկական բաժնի վարիչ Սամվել Ավագյանը։ Դրանց միջոցով ներկայացվեց՝
- Ստեփանավանում իրականացված որոնողափրկարարական աշխատանքները,
- Մարդասիրական օգնության բաշխումը,
- Բժշկական օգնության կազմակերպումը,
- Ժամանակավոր կացարանների կառուցումը,
- «Լոռէ» կամավոր փրկարար ջոկատի աշխատանքները և այլն։
Մերօրյա Ստեփանավանին նվիրված հատվածում լսարանը ծանոթացավ քաղաքում աղետների ռիսկի նվազեցման ուղղված տարբեր ծրագրերին, «Աշոտաբերդ» տնակային ավանի քանդման և նոր բազմաբնակարանային շենքերի կառուցման ընթացքին։
Որպես ամփոփում՝ Ա․ Անտոնյանը հավելեց, որ Ստեփանավանը Հայաստանի և տարածաշրջանի միակ համայնքն է, որը ճանաչվել է «Օրինակելի քաղաք» 2015 թ․ Ճապոնիայի Սենդայ քաղաքում տեղի ունեցած ԱՌՆ 3-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում։
Ստեփանավանն այսօր ունի՝
- համայնքային դիմակայունության թիմ,
- դիմակայունության գործողությունների պլան,
- Ստեփանավան քաղաքի վտանգների և ռիսկերի քարտեզ՝ աղետի ժամանակ հնարավոր սցենարներով և այլն։
Միջոցառման շրջանակում կայացավ նաև «Երկրաշարժի նկարիչը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը՝ Հայաստանի վաստակավոր և ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի՝ Վալմարի մասին։ Նա միջոցառման պատվավոր հյուրերից էր։ Ֆիլմը ստեղծվել էր «911» խմբագրությանը կից ուսանողական լրագրողական խմբի նախաձեռնությամբ և պատմում էր երկրաշարժից հետո արվեստագետի ապրումների ու արարման մասին։
Հանդիպման ավարտին Սպիտակի երկրաշարժի մասին իրենց հուշերը պատմեցին ՃԿՊԱ դասախոս Վարդան Հայրապետյանը և բուժքույր Գայանե Ամիրխանյանը։
Խմբագրական
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ