Կարևորելով մասնագիտական հմտությունների զարգացումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոս-հրահանգիչները՝ 6 հոգի, նախորդ շաբաթ վերապատրաստման դասընթաց են անցել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Թեման որոնողափրկարարական աշխատանքներն էին շնչառության համար ոչ պիտանի և ցածր տեսանելիության պայմաններում։
Փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանը նշեց․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողջ հանրապետության հրշեջ-փրկարարների վերապատրաստումը մենք ենք իրականացնում, շատ կարևոր էր, որ մեր դասախոսական անձնակազմն անձամբ հաղթահարեր այդ դժվարությունները՝ ճիշտ հրահանգավորում կատարելու համար։ Սա նման բարդության առաջին դասընթացն էր։ Թե՛ ֆիզիկական պատրաստվածության, թե՛ կողմնորոշման հմտություններով, թե՛ արագաշարժությամբ նրանք պետք է օրինակ ծառայեն մյուսների համար»։
Դասընթացի տևողությունը 40 ժամ էր, բաղկացած էր տեսական ու գործնական մասերից։ ՃԿՊԱ փրկարարական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովսեփ Բադալյանի խոսքով՝ օգտագործել են գազածխապաշտպան հատուկ մոդուլային վարժասարքը, որը տարածաշրջանում միակն է։ Վարժասարքը նախագծված է լաբիրինթի պես, ներսում ծխապատ գոտի է, առկա են փակ ու նեղ հատվածներ։
ՃԿՊԱ հրահանգիչները կատարել են տարբեր առաջադրանքներ։ Հիմնական շեշտը դրվել է ծխապատ գոտում շնչառության կարգավորման և թթվածնի խնայողության, կարճ ժամանակում ծանրաքաշ տուժածների դուրսբերման, հետդարձի ճանապարհը հիշելու հմտությունները զարգացնելու վրա։
Տեխնիկական պարամետրերով վարժասարքը եզակի է նրանով, որ հնարավորություն է տալիս անընդհատ փոխել սցենարները՝ պայմանական տուժածի դիրքը, անցումների ձևն ու բարդությունը։ Պետք է անընդհատ զգոն լինել, ծխապատ վարժասարքի ներսում անզգույշ գործողություններ թույլ չտալ, որպեսզի ոչ ոք չտուժի։
Հ․ Բադալյանը հավելեց՝ առաջին օրերին թթվածնի ծախսը մեծ էր, սակայն դասընթացի ավարտին արդյունքը գոհացուցիչ էր։
Գործնական դասընթացներ են անցկացվել նաև ՌՀՄԱԿ տարածքում կառուցված անգարում, որն իրենից բնակելի շենքի մակետ է ներկայացնում։ Փրկարարները սողեսող, պառկած կամ կքանստած վիճակում կատարել են տուժածների հայտնաբերման աշխատանք՝ ցածր տեսանելիության պայմաններում։
Փորձառու փրկարար-հրահանգիչ Դմիտրի Բոլշակովը ՃԿՊԱ մասնագետներին սովորեցրել է դժվարությունները հաղթահարելու առավել պրակտիկ մոտեցումներ, ձեռքի տակ եղած միջոցներով ինքդ քեզ ու դիմացինին փրկելու հմտություններ։
ՃԿՊԱ-ՌՀՄԱԿ համագործակցությունը վերապատրաստումների մասով շարունակական է լինելու։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ