Վերջին շրջանում նկատում եմ՝  գոյաբանական հարցերը սկսել են մտահոգել մերօրյա երիտասարդներին։

Ի՞նչ է հայրենիքը։ Այս հարցադրումը ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տարեսկզբից հիմք տվեց մի շարք կրթամշակութային միջոցառումների, մի էկրանի և սեղանի շուրջ հավաքեց տարբեր բուհերի ուսանողների ու դասախոսների։

«Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության․․․»՝ կասեր ժամանակակից գրողներից մեկը։

Նոյեմբերի 25-ի «Մի՛ լքիր հայրենիքդ» խորագրով միջոցառման թեման այս անգամ արտագաղթն էր, որն ուղեկցվեց ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմի դիտումով և վերլուծությամբ։

-Էս՝ Փարիզը, էս՝ Հռոմը, էս՝ Նյուրնբերգը․․․ Բա քո Գաղթաշենն ու՞ր ա։

-Ճակատիս ու անձնագրիս մեջ։

Պապական հիշողության, տան պատի ամրության և չվաճառվող արժեքների մասին այս ֆիլմը կրկին ստիպում է նայել քո ներսը, գնահատել ունեցածդ։ Ձեռագրային հատուկ սրությամբ ռեժիսորը Վահրամ հայրիկի և մյուս մեծահասակների կերպարով վերհանում է մեր գենետիկ կոդը, մեր դարավոր պայքարի և միասնության ուժը, չփարատվող կարոտը։

Հասկանում ես, որ ամեն մեկս մի Երանոս (ֆիլմի գլխավոր հերոսը, հեղ․) ենք, որ բարեկեցիկ կյանքի է ձգտում, բայց չգիտես ինչու՝ այդ թվացյալ կյանքը երբեք սեփական երկրում չի պատկերացնում։ Եվ որքա՜ն ճիշտ էր ուսանողների այն դիտարկումը, որ միգուցե մի օր վերադարձն այլևս հասանելի չլինի։ Չլինեն ծնողիդ տաք գիրկն ու հայրենական տանդ հողակտորը։

«Հողը կյանք է, այն մեր բաղադրությունն է։ Պայքարող տեսակն այստեղ էլ կպայքարի»,- հանդիպումն ամփոփեց ՃԿՊԱ բուժքույր Գայանե Ամիրխանյանը։

Ուսանողական խորհրդի այս միջոցառումը միանշանակ երկար կհիշվի։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ