Նոյեմբերի 17-ին դուքենդո ֆուլ-կոնտակտ կարատեի Հայաստանի առաջնության հաղթող է ճանաչել ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանող, Հայաստանի երկակի չեմպիոն Էրիկ Ավդալյանը։ Նա հանդես է եկել 16 տարեկան տարիքային խմբում և մենամարտել իրեն 20 կգ քաշով գերազանցող մարզիկի հետ։  Խոստովանում է՝ քաջ գիտակցում էր, որ մրցակցի ամեն հարվածը կարող է իրեն վնասվածք պատճառել, ինչից խուսափել չհաջողվեց։ Այնուամենայնիվ ոտքի վնասվածքով կարողացավ առավելության հասնել նրա նկատմամբ։

Սպորտն Էրիկի համար ապրելակերպ է։ 10 տարի պրոֆեսիոնալ կարատեով է զբաղվում։ Ասում է՝ այս սպորտաձևը սովորեցնում է լավ մարդ լինել, ապա կատակում՝ հենց իր տեսակի շնորհիվ էլ ակադեմիայի դասախոսները հաճախ ընդառաջում են՝ հասկանալով  մարզիկի ծանրաբեռնվածությունը։ Կարևոր մասնագիտություն է ընտրել՝ հրշեջ-փրկարարական տեխնիկայի սպասարկում և նորոգում։ Ցանկանում է որևէ ուժային կառույցում աշխատել բանակից զորացրվելուց հետո։

Թե ինչ է նշանակում 16 տարեկանում լինել Հայաստանի եռակի չեմպիոն, քչերը կպատկերացնեն։ Խիստ ռեժիմ, զրկանքներ, քրտնաջան պարապմունքներ։ Նպատակին հասնելու համար պետք է հաստատակամ լինել։ Իսկ պարտություննե՞ր։ Իհարկե լինում են, բայց դրանք միայն մոտիվացնում են առաջ շարժվել։ Չէ՞ որ իր թիկունքին կանգնած են ընտանիքը, մարզիչները և իր հաղթանակին ոգևորությամբ սպասող մանկահասակ մարզիկները։

Նախատեսում է ուժերը փորձել միջազգային հարթակներում, եթե գտնվեն հովանավորներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Էրիկ ԱՎԴԱԼՅԱՆԸ