Նոյեմբերի 20-ից Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է գետերի ճարտարագիտության թեմատիկայով քառօրյա սեմինար՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և ՆԳՆ համագործակցության շրջանակում։ Հրավիրված են ոլորտի շահագրգիռ մասնագետներ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ինչպես նաև դասախոսներ ու ուսանողներ ՃԿՊԱ-ից, Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններից։
Սեմինարի հիմնական թեմաներն են՝
- Հայաստանում հիդրոլոգիայի հիմունքները,
- Հաճախականության վերլուծության մեթոդները,
- 2024 թվականի մայիսին Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղի ուսումնասիրությունը,
- Բաց ջրանցքի հիդրավլիկ համակարգի աշխատանքն ու հասանելիությունը,
- Կամուրջների և ամբարտակների նախագծման ներկայիս ստանդարտները,
- Գետի հունի կայունացման առանձնահատկությունները,
- Պաշտպանական միջոցառումները,
- Պաշտպանական միջոցառումների մոդելավորումը՝ HEC-RAS հիդրոլոգիական ինժեներական համակարգում և այլն։
Շվեյցարացի մասնագետներից բանախոսում են աղետների ռիսկի նվազեցման գծով խորհրդատու և ծրագրի մենեջեր Ալի Նյումանն ու գետերի ճարտարագիտության փորձագետ Լուկաս Հանցինգերը։
Սեմինարի բացումն ազդարարեց Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Լուկաս Ռոզենկրացը։ Նա ողջունեց մասնակիցներին և կարևորեց այս համակողմանի հանդիպումը՝ դիմակայունության բարձրացման տեսանկյունից։
ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հավելեց՝ միջոցառման ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն հիմնական գիտելիքներ հորդառատ ջրհեղեղների սցենարների մշակման, կամուրջների և գետերի ամբարտակների հիդրավլիկ նախագծման բանաձևերի վերաբերյալ։
Սեմինարի չորրորդ օրը նախատեսվում է դաշտային աշխատանք Կոտայքի մարզի Արզական բնակավայրում՝ Հրազդան և Դալար գետերի տարածքում։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ