Նոյեմբերի 15-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի ունեցավ հայ փիլիսոփա, քարտեզագետ և մաթեմատիկոս Անանիա Շիրակացու «Յաղագս հարցման և լուծման» գրքի շնորհանդեսը, որին, ի թիվս կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների, մասնակցում էին նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը և դասախոս Արտակ Էլմասակյանը։

1918 թ․ Հովսեփ Օրբելին, սովորելով գրաշարի գործը, աշխատություն է կազմել Անանիա Շիրակացու խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ։ Օրբելի եղբայրների տուն-թանգարանն այն հրատարակել է 2 լեզվով՝ հայերեն և ռուսերեն: Այս ուսումնաօժանդակ ձեռնարկում ամփոփված է 24 մաթեմատիկական խնդիր՝ իրենց պատասխաններով։

Մատենադարանի աշխատակից, 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գառնիկ Հարությունյանը հանդես եկավ «Անանիա Շիրակացին, նրա երկերը և դրանց ընդօրինակությունները» խորագրով զեկույցով, իսկ թանգարանի հիմնադիր տնօրեն, ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը խոսեց Անանիա Շիրակացու՝ որպես մանկավարժի մասին։

Միջոցառման ավարտին թանգարանի անձնակազմն Արմինե Հայրապետյանին հանձնեց շնորհակալագիր՝ մշտական համագործակցակցության համար։

ՃԿՊԱ-ի և Օրբելի եղբայրների տուն-թանգարանի համատեղ աշխատանքը տարիների պատմություն ունի։ Մեր ուսանողներն իրենց կուրսային աշխատանքները պաշտպանում են թանգարանում։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները՝ թանգարանի ֆեյսբուքյան էջից