Եվրոպական միության ֆինանսավորմամբ 2024-2026 թվականներին իրականացվելու է աղետների ռիսկի գնահատման և վերլուծության Multi-country Study (Բազմաերկրային հետազոտություն) ծրագիրը, որին, ի թիվս 22 պետության, մասնակցում է նաև Հայաստանը։
Ծրագրի հիմնական խնդիրներն են՝
- Ամեն երկրի համար կատարել աղետների ռիսկի կառավարման մեխանիզմների խորքային վերլուծություն՝ արդեն իսկ մշակված մեթոդաբանությամբ և ուղեցույցներով։ Հաշվի են առնվելու ռիսկի կառավարման և նվազեցման բոլոր փուլերը՝ ռիսկերի և արձագանքող ուժերի կարողությունների քարտեզագրում, բնակչության պաշտպանության կազմակերպում և այլն:
- Աջակցել ԱՌԿ կարողությունների բարելավմանը,
- Խթանել տվյալ երկրում բնակչության պաշտպանության ոլորտի շահագրգիռ կառույցների զարգացումը և ստեղծել համագործակցության նոր հարթակներ՝ Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի` UCPM-ի օրինակով։
Նախորդ ամիս՝ հոկտեմբերի 29-30-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան աշխատաժողովի շրջանակում հյուրընկալել է Հայաստանում Multi-country Study ծրագրի ղեկավար, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ԱՌԿ ավագ փորձագետ Ագոստինո Գորետիին, ինչպես նաև ներկայացուցիչների տարբեր գերատեսչություններից՝ ներքին գործերի, շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից», Երկրաբանական գիտությունների ինստիտուտից և այլ ակադեմիական հաստատություններից։
Յուրաքանչյուրը ներկայացրել է իր գործունեությունը, ԱՌԿ գործում իր լիազորությունների շրջանակը, բացերն ու կարիքները, օրենսդրական կարգավորման խնդիրները, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բյուջեի չափը և այլն։
Զեկույցները մշակվել էին Հայաստանին սպառնացող հիմնական վտանգների շուրջ՝
- երկրաշարժ,
- սողանք,
- արդյունաբերական վտանգներ,
- հեղեղում,
- անտառային հրդեհ։
ՃԿՊԱ-ից ելույթ է ունեցել դասախոս, հեռազննման մասնագետ Լիլիթ Մինասյանը, որը ներկայացրել է մայիսին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած համայնքների կարիքների գնահատման հարցում ակադեմիայի մասնակցությունը։
Թե՛ դասախոսական, թե՛ ուսանողական անձնակազմը ներգրավված են եղել բոլոր գործընթացներում՝ աշխարհագրական և երկրատեղեկատվական տվյալների հավաքագրում ու քարտեզագրում, կարիքների գնահատման նպատակով տնետուն այցեր և հարցումներ, բնակչության իրազեկում և ուսուցում։
Լիլիթ Մինասյանի խոսքով՝ ջրհեղեղի օրերին տվյալների հավաքման մեծ խնդիր կար․ ազատ հասանելի արբանյակային լուսանկարներից անհնար էր օգտվել, քանի որ ամպային ծածկույթը գրեթե 80 տոկոս էր։ Հայտնի է, որ բարձր լուծաչափով լուսանկարներ անող արբանյակները սովորաբար աղետից տուժած պետությանը տվյալներ են տրամադրում անվճար հիմունքներով, սակայն Հայաստանն այդպես էլ այդ հնարավորությունից չօգտվեց։
Տվյալների հավաքագրման հարցում օգնել և վերլուծություն են կատարել արտասահմանցի մասնագետները։
ՃԿՊԱ-ն այդ ընթացքում սերտ համագործակցել է Ստեփանավանի «Լոռէ» կամավոր փրկարար ջոկատի հետ, որի տրամադրած դրոնների օգնությամբ մշակվել է տուժած 9 համայնքի քարտեզը։
ՀՀ կառավարության խնդրանքով՝ միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջնորդությամբ, այդ համայնքներում կատարել են ջրհեղեղի հետևանքով բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատում (ԲԿԱԳ՝ MIRA)։
ՃԿՊԱ ուսանողներն ակտիվ մասնակցել են աշխատանքներին։ «Վերակառուցելով կյանքը․ մարդասիրական աջակցություն ջրհեղեղից տուժած Տավուշի և Լոռու մարզերին» ծրագրի շրջանակում ՃԿՊԱ դասախոսները մշակել են նոր գրականություն՝ նախակրթարանների և փրկարար կազմավորումների համար։
Շուտով պատրաստ կլինի նաև ջրհեղեղի հետաղետային կարիքների գնահատման վերաբերյալ MIRA երկրորդ զեկույցը։
«Ուրախալի է, որ մենք կարողանում ենք միջազգային ստանդարտներին համահունչ արդյունք ցույց տալ թե՛ կանխատեսման, թե՛ վաղ ազդարարման, թե՛ օպերատիվ արձագանքման առումով։ Բայց սրանք բացառիկ օրինակներ են։ Ունենալով ԱՌՆ գնահատման գործիքակազմ՝ մենք չունենք համապատասխան մասնագետներ։ Պետք է խթանել ռիսկերի գիտակցումը, հասնել ռիսկերի քարտեզագրման և մոդելավորման բարձր մակարդակի»,- նշել է ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Multi-country Study ծրագրի շրջանակում Հայաստանին աջակցելու է CIMA հետազոտական հիմնադրամը, որը ռիսկերի գնահատման տեսանկյունից լավագույն փորձ ունեցող կազմակերպություններից է։ Սա թույլ կտա ընդհանուր ձևաչափի բերել միմյանց փոխլրացնող ծրագրերը, սահմանել թիրախային ուղղություններ՝ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանության հիման վրա, կազմակերպել փորձի փոխանակում և վերապատրաստման դասընթացներ։
Զեկույցով հանդես է եկել նաև ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանը։ Նա ներկայացրել է ծառայության գործունեությունը, սեյսմիկ պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը և վերջին տարիներին սեյսմոլոգիական սարքավորումների արդիականացման աշխատանքները, բնակչության ուսուցման տարբեր ձևաչափերը, Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի հիման վրա հաստատված սեյսմակայուն շինարարության նոր նորմերը, դպրոցներում 3D ձևաչափով տարհանման սխեմաների ներդրման հեռանկարները և այլն։
Խոսելով կարիքներից՝ ՍՊՏԾ տնօրենը հավելել է, որ ներկայումս ամենամեծ խնդիրը ճշգրիտ տվյալների համալիր բազա ունենալն է, ինչը թույլ կտա համայնքների համար մշակել ուժեղ երկրաշարժի դեպքում իրավիճակի զարգացման ավելի իրական սցենարներ։
Անդրադառնալով Հայաստանին սպառնացող հիմնական վտանգներին, մասնավորապես՝ անտառային հրդեհներին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի մոնիթորինգի և կանխատեսման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Տաթևիկ Սիմոնյանը ներկայացրել է հանրապետության տարածքում հրդեհի վտանգի եռօրյա կանխատեսման տեղեկագիրը, օպերատիվ իրադրությունում կիրառվող և անտառային հրդեհի տարածումն արտացոլող հարթակը, որի կարևոր բաղադրիչն է հանդիսանում միջազգային ծրագրի շրջանակում փրկարար ծառայությանը տրամադրված հիդրոօդերևութաբանական շարժական կայանը։ Ցուցադրվել են նաև մայիսի 25-27-ը գրանցված ջրհեղեղի արդյունքում մակերևութային խոնավության ցուցիչներն արտապատկերող քարտեզները։
Աշխատաժողովի շրջանակում կարևորվել է նաև ինժեներական կրթության դերն ԱՌՆ գործընթացներում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցչի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներն ԱՌԿ թեմատիկայով դիպլոմային և մագիստրոսական աշխատանքների մշակման ուղղությամբ։
Նոյեմբերի 20-22-ը ՃԿՊԱ-ում կանցկացվի հերթական բազմակողմ սեմինարը՝ գետային ճարտարագիտության ոլորտում մասնագիտացած շվեյցարացի փորձագետների մասնակցությամբ։ Սեմինարն իրականացնում են ՀՀ ՆԳ նախարարությունը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC)։
Մանրամասներին կանդրադառնանք։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ