ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմը, դասախոսներն ու ուսանողները վերջերս մասնակցել են մի շարք միջոցառումների, մասնավորապես՝

  • Մասնագիտական կրթական ծրագրերի՝ ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացման հերթական առցանց աշխատաժողովին՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ։ Մասնակցել է ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ Աշխեն Խաչատրյանը։ Աշխատաժողովի ընթացքում կարևորվել են դասախոս-ուսանող կապը, սովորողների գործնական կարողությունների զարգացումը։
  • Երևանում Բրիտանական խորհրդի, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության և ՈԱԱԿ հիմնադրամի համագործակցությամբ անցկացված «Գլոբալացում՝ բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանում» խորագրով ֆորումին։ Ներկայացվել են Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության կրթական փորձն ու տեսլականները բարձրագույն կրթության որակի ապահովման և միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ։ Քննարկվել է բուհերի համատեղ հավատարմագրման գործընթացը, որը ներառում է միասնաբար մշակված մոտեցումներ՝ բազմակողմանի և թափանցիկ գնահատման ապահովման նպատակով։ Ներկա էր նաև ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ Աշխեն Խաչատրյանը։
  • «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովին՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ։ Քննարկվել են կրթության հասանելիության խնդիրները, բարձրագույն կրթության ոլորտում հավասարության և ներառականության կարևորությունը: Բանախոսել են Խորվաթիայի «Կրթության զարգացման ինստիտուտի» գործադիր տնօրեն Նինոսլավ Շչուկանեց Շմիդտը և բարձագույն կրթության քաղաքականության փորձագետ Թոմաս Ֆարնելը։ ՃԿՊԱ-ից ներկա էին գիտական հետազոտությունների կենտրոնի պետ Սաթենիկ Բակունցն ու մեթոդիստ Անահիտ Գալոյանը, ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի վարիչ Գրիգոր Բաբայանը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանը, կադրերի պատրաստման ու վերապատրաստման ֆակուլտետի դասախոս Սիրանուշ Հովհաննիսյանը, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ Սեդա Այվազյանն ու Անուշիկ Մարտիրոսյանը։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները