Նոյեմբերի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «911» խմբագրության ղեկավար, բանաստեղծ Գոռ Հարությունյանի «Սիմվոլական 88» գրքի շնորհանդեսը։ Նախաձեռնել էին մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանը և ուսանողական խորհուրդը։
Նոր գրքի «ծնունդը» մեկնարկեց գինեձոնով ․հեղինակն էջերը ցողեց գինով, իսկ ներկաները թողեցին իրենց մակագրությունը։ Այս արարողակարգը բնորոշ էր Թիֆլիսում գործած «Վերնատուն» գրական ակումբին։
«Սիմվոլական 88»-ը Գոռ Հարությունյանի երրորդ գիրքն է։ Գաղափարը ծնվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և 4 տարվա ընթացքում ամբողջացել՝ որպես ծրագրային կերպով գրված բանաստեղծությունների շարք։ Ժողովածուն բաղկացած է 88 բանաստեղծությունից, որոնք խորհրդանշական քողի տակ ներկայացնում են մեր ազգի անցյալը, ներկան ու ապագան։
«Կյանքում ոչինչ պատահական չեմ համարում։ Եթե սա կոչենք պայմանական նախախնամություն, ապա մարդը պետք է որևէ առաքելություն ունենա՝ ինչ-որ տեղում ու ժամանակում ծնվելու համար։ Ես չեմ կարող, օրինակ, իսպանացու հոգու և ոգու ապրումները գրել․ ես նախախնամությամբ ծնվել եմ այստեղ, որ խոսեմ հայ մարդու, նրա պատմական առաքելության և գալիք հաղթանակների մասին»,- նշեց բանաստեղծը։
Հետաքրքրական է, թե ինչպե՞ս է մարդը բանաստեղծ դառնալու գիտակցմանը հասնում։ Արվեստագետը հիշատակեց ռուս պոետ Սերգեյ Եսենինին, որը վստահ էր՝ պոեզիան փրկեց իրեն «գող ու սրիկա դառնալուց»։
Գոռ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում 1990-2000-ականները բարդ ժամանակներ էին․շատ երիտասարդներ բռնեցին փողոցային կյանքի ուղին, ինքն էլ՝ նրանց թվում։ Բայց գիտելիքի ձգտումն օգնեց դուրս գալ այդ անդունդից, ընկերների հետ դպրոցում ստեղծել աշակերտական խորհուրդ, կապեր հաստատել բուհերի հետ, վերանորոգել դպրոցի գույքն ու իրենց իսկ «կոտրած պատուհանները»։ «Դպրոցը դարձավ օրինակելի վայր։ Ես ընտրեցի հումանիտար ուղղությունը։ Այդ ժամանակ իմ մեջ ծնվեց բանաստեղծը, ով բոկոտն ու «կարիքից» բացի ուրիշ ոչինչ չտեսած՝ մտավ կյանք։ Իմ ստեղծագործություններից մեկում Եսենինի միտքն այսպես եմ վերափոխել․«Եթե չլինեի կյանքում բանաստեղծ, գուցե մնայի գող ու սրիկա»։
Խոսվեց նաև մշակույթի ճանաչողության կարևորության մասին՝ որպես ինքնության պահպանման գործոն։ Մշակույթն է, որ հողը հայրենիք է դարձնում՝ վստահեցրեց բանաստեղծը։ Պետք է հասկանալ՝ ով ես դու, որտեղից ես սերում և ինչ ես ժառանգելու հաջորդ սերնդին։ Հայն ինքը պետք է նախանձախնդիր լինի այս երկրագնդում իր տեսակը կենսունակ պահելու համար։ Իսկ դրա հիմքն առաջին հերթին իրար հետ հարաբերվելու, իրար ձեռք բռնելու, իրար պահելու և միմյանց նկատմամբ ներողամիտ լինելու մշակույթն է։
Գոռ Հարությունյանի համար հայրենիքը մշտական ոգեշնչման աղբյուր է։ Ասում է՝ մինչև հողին ամուր չկանգնես, գործողություններդ հավասարակշռված չեն լինի։ Այս համատեքստում մեր երկրում վիճակագրությունը մխիթարող չէ․ արմատներից հեռացել ենք, ծնելիությունը նվազել է։ Պետք է մի պահ կանգ առնել ու հարցնել ինքներս մեզ՝ ուզու՞մ ենք արդյոք պահպանել այն հենման կետը, որտեղ հավասարակշիռ ենք, ուզու՞մ ենք արդյոք մնալ Հայկ Նահապետից մեզ ժառանգություն հասած և գենետիկ կոդով ամրագրված հայրենիքում։ Եթե ուզում ենք, ուրեմն կգտնենք պայքարի միջոցներ։
Խոսելով «Սիմվոլական 88» գրքի խորհրդանիշների մասին՝ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հավելեց՝ եթե անգամ այսպիսի գրականությունը երիտասարդների համար բավականաչափ ընկալելի չլինի, այն ուղերձ է դառնալու նրանց վաղվա «ես»-ին։ Պոեզիան, գրականությունն առհասարակ ունեն այդ ուժը՝ ցույց տալ քո սխալները, ծանոթացնել պատմական անցյալին և հարթել նոր ճանապարհ ինքնաճանաչման համար։
Որպես վերջաբան՝ բանաստեղծը հորդորեց ուսանողներին օգտվել այն հնարավորություններից, որը տալիս է ներկա ժամանակը․ «Դուք աշխարհն առել եք բռի մեջ։ Այսօր անձնային աճի համար չկան արգելքներ։ Մյուս կողմից՝ դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց, հեշտ ժամանակները՝ թույլերի։ Հանկարծ չթուլանա՛ք»։
Ուսանողներն անակնկալ մատուցեցին՝ ասմունքելով հեղինակի՝ իրենց նախընտրած ստեղծագործությունները։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ