ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, մասնագիտությամբ պատմաբան Կարո Գալոյանն արդեն 5 տարի ուսուցողական այցեր և քայլարշավներ է կազմակերպում իր ուսանողների համար։

Երեխան իր աչքերով պետք է տեսնի իր հայրենիքը՝ վստահ է մասնագետը։ Տեսարժան վայրերին ու պատմամշակութային արժեքներին ծանոթանալով՝ նա սկսում է ավելի մոտենալ բնությանը, իր արմատներին։

Հոկտեմբերին իրականացված քայլարշավներն անցել են էքստրեմալ պայմաններում։ Տավուշի մարզում հորդառատ տեղումների պատճառով ստիպված են եղել փոխել Պարզ լճից Գոշի լիճ երթուղին, կարճել ճանապարհը՝ չափազանց անանցանելի լինելու պատճառով։ Միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողներն արշավել են Պարզ լճից Գոշավանք, բակալավրինը՝ Գոշավանքից Գոշի լիճ։

Դասախոսի խոսքով՝ նախատեսված երթուղին ամբողջապես անցնելու դեպքում անտառային տարածքով հետդարձը կլիներ երեկոյան ժամի, ինչը վտանգավոր էր։

Քայլարշավի ժամանակ ուսանողները տարբեր ֆիզիկական բարդություններ են հաղթահարել, սովորել տեղանքում կողմնորոշվելու, վայրի կենդանիներից պաշտպանվելու և ընկերոջն օգնելու հմտություններ։ Ապագա փրկարարներին ներկայացվել են նաև լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքի դժվարությունները։

Հոկտեմբերի սկզբին ուսանողների ցանկությամբ էքսկուրսիա և քայլարշավ է կազմակերպվել ևս երկու ուղղությամբ՝

  • Խոր Վիրապի վանք-Արենի գյուղ- Արենիի սելավատար,
  • Թեղենյաց վանական համալիր- Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի-Զորավանի Սուրբ Թեոդորոս կիսավեր եկեղեցի։

«Ի սկզբանե գաղափարս այն էր, որ պատմության դասերն անցնեն ավելի պրակտիկ, և երեխաների գիտելիքն ավելի պատկերավոր լինի։ Հիմնականը Գառնի-Գեղարդ երթուղին էր, հետագայում ուսանողների առաջարկով ընդլայնեցինք մասշտաբը։ Փորձը ցույց է տվել, որ տարբեր կուրսերի ուսանողներից կազմված խմբի ներսում մեծ ընկերություն և միմյանց նկատմամբ պատասխանատվության զգացում է ձևավորվում, ինչը փրկարարի համար պարտադիր որակական հատկանիշ է»,- ասաց դասախոսը։

Հաջորդ այցերը կմեկնարկեն գարնանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Կարո Գալոյանը