Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Դեռահասների շրջանում թմրամիջոցների գործածման վտանգավոր և կործանարար հետևանքները, իրավական պատասխանատվությունը» խորագրով դաս-քննարկում՝ միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների համար։
Հիմնական բանախոսներն էին մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանը և բուժքույր Գայանե Ամիրխանյանը։ Ներկա էին նաև որակի ապահովման կենտրոնի պետ Աշխեն Խաչատրյանը և դասախոս Արտակ Հարությունյանը։
Անդրադարձ կատարվեց՝
- Թմրամիջոցների դասակարգմանը՝ ըստ ծագման և ազդեցության ծանրության,
- Կախվածություն ունեցող մարդու վարքային դրսևորումներին և ընկալման խանգարումներին,
- Թմրամիջոցների տարածման հարցում համացանցի դերին,
- Հայաստանում կախվածության բուժման խնդիրներին, օրենսդրական կարգավորումներին և այլն։
Ռ․Ղարիբյանի խոսքով՝ երիտասարդներն այսօր բավականաչափ իրազեկված չեն թմրամիջոցների հետևանքների մասին, ինչի պատճառով հեշտ են ընկնում ազդեցության տակ։ Նա առաջարկեց մի քանի լուծում՝
- Երիտասարդության շրջանում սերմանել հարգանք դեպի կայացած արժեհամակարգերը,
- Եռակողմ կապ ստեղծել համայնքի, ուսումնական հաստատության և ծնողի միջև,
- Երեխայի համար ստեղծել հետաքրքրությունների լայն շրջանակ,
- Ծնողների և խնամակալների համար իրականացնել իրազեկման արշավներ և այլն։
Գ․ Ամիրխանյանը հավելեց՝ վազքի ու սթրեսի այս դարում մարդիկ փորձում են կտրվել խնդիրներից, և հաճախ թմրամիջոցներն ու ալկոհոլը դառնում են նրանց համար ճակատագրական։ Հեշտ չէ կախվածություն ունեցող մարդուն թմրանյութերից հետ պահելը։ Նա հոգեբանական աջակցության կարիք է ունենում, և այդ հարցում շատ կարևոր է ընկերների ու ընտանիքի դերը։
Դասի ընթացքում ցուցադրվեց նաև թմրանյութերի ազդեցության մասին երկու ֆիլմ։
Նման ուսուցողական հանդիպումները շարունակական են լինելու։ Արդեն իսկ անցկացվել են միջոցառումներ էներգետիկ ըմպելիքների ազդեցության և թրաֆիքինգի վերաբերյալ։
Հայկանուշ ՄՈՒԺԻԿՅԱՆ
Լուսանկարները՝ մասնակիցների