Հոկտեմբերին Հայաստանում կայացած կիոկուշին կարատեի Եվրոպայի 36-րդ բաց առաջնությունում հաղթող է ճանաչվել ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, կիոկուշին կարատեի աշխարհի փոխչեմպիոն, Հայաստանի քառակի չեմպիոն Սուսաննա Կլեկչյանը։
Մրցույթի դժվարությունների և ապագա ծրագրերի մասին զրուցել ենք մեր մարզիկի հետ։
—Սուսաննա՛, այսքան երիտասարդ տարիքում մի շարք միջազգային հաղթանակներ ունեք։ Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։
-Միշտ սիրել եմ հարվածային սպորտը։ Շատ եմ ոգևորվում այն փաստից, որ աղջիկ լինելով՝ կարողանում եմ այս բնագավառում հաջողությունների հասնել։ Այս սպորտում «կանգառ» չկա․ երբ դու ունենում ես բավական փորձ և լավ արդյունքներ, անընդհատ ձգտում ես ավելիին։ Ձախողումներն ու պարտությունները նույնպես մոտիվացնում են, որ դիմանաս կարատեի տանջալից պարապմունքներին և շարունակես պայքարել։
—Որքա՞ն եք նախապատրաստվել առաջնությանը։
-Պարապմունքները սկսել ենք հունվարից։ Տեղեկանալով, որ մրցումը տեղի է ունենալու Հայաստանում, ջանք ու եռանդ չենք խնայել։ Մարզչիս՝ Հրաչ Գրիգորյանի հետ շատ փորձությունների միջով ենք անցել, գիշեր-ցերեկ մարզադահլիճում ենք անցկացրել, որ հասնենք չեմպիոնության։
—Մրցումից առաջ լարվածություն կա՞ր, ինչպե՞ս հաղթահարեցիք։
-Որքան էլ փորձառու լինես, միևնույն է՝ լարվում ես։ Դահլիճի մթնոլորտն օգնում է լիցքաթափվել։
—Ո՞ր պահին զգացիք, որ հաղթանակը Ձերն է։
-Երբեք չես կարող դա իմանալ, մինչև չավարտվի մրցութային ժամանակը, և մրցավարները չբարձրացնեն դրոշակները։ Երեք մենամարտ եմ ունեցել տարբեր կարողությունների տեր մարզիկների հետ։ Ոչինչ նախապես կանխատեսել հնարավոր չէ։
—Ի՞նչ զգացիք, երբ հայտարարեցին հաղթողի՝ Ձեր անունը։
-Անբացատրելի էր։ Արդեն նվաճել էի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը, բայց սա ուրիշ էր։ Ամբողջ մարմինս փշաքաղվեց այն մտքից, որ առաջատարն եմ։
—Հայաստանը վերջին շրջանում հյուրընկալում է տարբեր միջազգային մարզական միջոցառումներ։ Երբ իմացաք, որ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում է, ի՞նչ փոխվեց Ձեր մեջ։
— Ինձ թվում է՝ այս առաջնությունը ոչ միայն կհիշվի իր շքեղության և գեղեցիկ կազմակերպչական աշխատանքի շնորհիվ, այլև շատ մարզիկների համար կդառնա իրենց կարիերան սկսելու առաջին կետը։
Երբ օտար երկրում մրցույթի եմ մասնակցում, սովորաբար ամեն ինչն է ինձ օտար թվում՝ նույնիսկ խմելու ջուրը։ Այդ ամենն իհարկե ազդում է տրամադրվածության վրա։ Բայց երբ քո հողում ես, քո միջավայրում, լարվածությունը քիչ է։ Փոխարենն ավելի մեծ պատասխանատվությամբ ես բեմ բարձրանում։
— Ի՞նչ առաջիկա պլաններ ունեք։
-Սև գոտու համար եմ պայքարում։ Տարեկան մեկ-երկու քննություն ենք ունենում՝ կախված մեր ծանրաբեռնվածության մակարդակից։ Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու պատճառով քննությունը բաց եմ թողել։
—Լինել մարզիկ նշանակում է հետևել հստակ օրակարգի ու սննդակարգի։ Փոքրիկ խախտումներ լինու՞մ են։
-Ո՛չ։ Օրինակ` մենք մի կանոն ունենք, որ մրցումային շրջանում մարզիկը պետք է պարտադիր ժամը 22:00-ին քնած լինի։ Պարապմունքից հետո դասերը, առօրյա հոգսերը կարող են պատճառ դառնալ մրցումներում վատ ներկայանալուն։ Կարող ես ամիսներով, տարիներով պարապել, բայց հաջողության չհասնել՝ սննդակարգը կամ քնի ռեժիմը խախտելու պատճառով։ Նույնիսկ հիվանդանալ չի «թույլատրվում» (ծիծաղում է, հեղ․)։
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մարզիկներին, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանում կամ վախենում են միջազգային մրցումներում հանդես գալ։
— Մարդու տեսակը շատ կարևոր է․ հարվածային սպորտի դեպքում պետք է պատրաստ լինել ամեն ինչի։ Եթե սիրեցիր մարզաձևը, հաջողությունը քոնը կլինի։
Մի բան եմ նկատում՝ հարվածային մարզաձևերով հետաքրքրվող աղջիկներին շրջապատը շատ է խոչընդոտում՝ պատճառաբանելով, թե դրանք աղջկան «հարիր» չեն։ Որոշել եմ կոտրել այս կարծրատիպը և աղջիկների կարատեի խմբակ եմ բացել Երևանի մարզասրահներից մեկում։
—Սուսաննա՛, լինելով Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան մարտարվեստների ակադեմիայի սան՝ մրցումների ժամանակ միշտ նրա լուսանկարով մարզաշապիկն եք կրում։ Ինչո՞վ է նա Ձեզ համար խորհրդանշական։
-Վահագն Ասատրյանը նվիրյալ զինվորական էր, ես նրա ոգով եմ առաջնորդվում։ Նա պատերազմում նվիրեց իր կյանքը, որ մենք ապրենք ու արարենք։ Այս միտքն ինձ միշտ ուժ է տալիս։
Հայկանուշ ՄՈՒԺԻԿՅԱՆ
Լուսանկարները՝ Սուսաննա Կլեկչյանի արխիվից