Կարևորելով ուսանողների գործնական հմտությունների զարգացումը՝ որպես առաջադիմության և մոտիվացիայի գործոն, ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները պարբերաբար կազմակերպում են արտալսարանային պարապմունքներ։

Հոկտեմբերին միջին մասնագիտական կրթական ծրագրի  ուսանողները եղել են ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 9 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներում՝ դասախոսներ Վարդան Հայրապետյանի և Հովհաննես Խաչատրյանի գլխավորությամբ։ Նրանք ծանոթացել են բացազատման գործընթացին, հիդրավլիկ գործիքների և տարբեր սարքավորումների կիրառությունը, անվտանգության կանոններին, առաջին օգնության պարագաներին։

Տեղագրության և կողմնորոշման հմտությունները բարելավելու նպատակով առաջին կուրսի ուսանողների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասն անցկացվել է Երևանի բուսաբանական այգում։ Հ․ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ ՃԿՊԱ սաները կատարել են դերաբաշխում, ինֆորմացիոն քարտեզի վրա նախանշել պաշտպանողական և հարձակողական դիրքերը։ Բարձր է գնահատվել այն ուսանողը, որը կարողացել է հնարավորինս հմտորեն պատսպարվել։

Պատրաստեց Լիլիթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները