Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Եվրոպական համալսարանում տեղի ունեցավ վոլեյբոլի մրցում, որը կազմակերպել էին համալսարանի սպորտի ակումբը և Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ ՃԿՊԱ սաները հաղթանակ տարան 3։2 հաշվով։
Մեզ հետ զրույցում Եվրոպական համալսարանի ՈՒԽ նախագահ Վահրանդ Զոհրաբյանը նշեց, որ նման ընկերական խաղերն ավելի են ամրապնդում երկու բուհերի կապը։ Նախատեսվում են փոխադարձ այցեր, համատեղ միջոցառումներ։
Եվրոպական համալսարանի սպորտային ակումբի նախագահ Պապ Արշակյանը հավելեց՝ հաղթանակից ավելի կարևոր բաներ կան՝ ընկերական շրջապատը, նոր համագործակցությունը։ Սպորտն այս առումով միավորող օղակ է։
ՃԿՊԱ ուսանող Արթուր Միքայելյանի համար խաղը ոգևորիչ էր, քանի որ հակառակորդը բավականին հմուտ էր։ Չնայած մրցակցությանը՝ երկու թիմերի միջև հարգանք կա միմյանց հանդեպ։ Արթուրը վոլեյբոլով զբաղվում է ավելի քան 4 տարի։ Հայրը նույնպես վոլեյբոլիստ է։ Այս սպորտաձևով սկսել է հետաքրքրվել մտերիմների խորհրդով։ Ասում է՝ երբ ինչ-որ բան դժվարությամբ է ստացվում, միշտ վերհիշում է Ճապոնիայի հավաքականի ցածրահասակ մի մարզիկի, որն աշխարհին ապացուցել է՝ անհնարին ոչինչ չկա։ Միայն ցանկություն է պետք։
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են մասնակիցները