Հոկտեմբերի 28֊ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ հայրենաճանաչության թեմատիկայով միջոցառում։ Ցուցադրվեց երկու տեսանյութ, որոնք արտացոլում էին գրող Հրանտ Մաթևոսյանի և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի պատկերացումները հայրենիքի մասին։

Ցուցադրությունից հետո ՃԿՊԱ «Արարատ» գրական ակումբի մասնակիցները ներկայացրին Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը» և Վազգեն Սարգսյանի «Հացի փորձություն» գրքերի վերաբերյալ իրենց վերլուծությունը։

Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահ Աստղիկ Խաչատրյանի խոսքով՝ գրքերին ծանոթացել էին փիլիսոփայության դասի շրջանակում և հասկացել, որ լսարանին մեր ազգային գաղափարախոսությունը  ներկայացնելու առումով դրանք բավականին բովանդակային են, բացի այդ՝ ընդլայնում են մտահորիզոնը։ Ակամա համաձայնում ես հեղինակների հետ, որ անկախության համար պայքարը սկսվում է քո երկիրն ու պատմությունը ճանաչելուց, հոգևոր արժեքները պահպանելուց և փոխանցելուց։

ՃԿՊԱ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացված միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչները։ Ուսխորհրդի նախագահ Վահրանդ Զոհրաբյանը նշեց` նման հայրենասիրական  միջոցառումները միանշանակ փոխում են մարդուն, նրա աշխարհընկալումը։

Ամիսներ առաջ ՃԿՊԱ ուսանողական խորհուրդը մեկ այլ միջոցառում էր նվիրել  մայիսյան հաղթանակներին։

 

Լիլիթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները