Հոկտեմբերի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական բազայում անցկացվեց «Թույլ օղակ» խորագրով ինտելեկտուալ խաղը՝ բրիտանական հայտնի The Weakest Link հեռուստաշոուի օրինակով։ Մասնակցում էին միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները, ամեն կուրսից՝ 4 հոգի։ Միջոցառման նախաձեռնողը բազային կից նորընտիր ուսանողական խորհուրդն էր, համակարգողը՝ դասախոս Արինա Առաքելյանը։
Խաղի հարցերը հետևյալ ոլորտներից էին՝
- արտակարգ իրավիճակներ,
- քաղաքացիական պաշտպանություն,
- առաջին օգնություն,
- տնտեսագիտություն,
- քիմիա,
- ֆիզիկա,
- պատմություն,
- հայոց լեզու և այլն։
Արինա Առաքելյանի խոսքով՝ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես տրամաբանական հարցերին, որոնք բարելավում են հիշողությունն ու վերլուծական միտքը։ Խաղն ընթացել է մի քանի փուլով, եզրափակիչ անցել էին լավագույնները։
ՃԿՊԱ 3-րդ կուրսի ուսանող, ուսխորհրդի նախագահ Մանե Ղազարյանը նշեց՝ կազմակերպչական աշխատանքներին ներգրավված է եղել ամբողջ անձնակազմը։ Հարցաշարը պատրաստել են 2-3 օրում։ Լարվածություն կար, սակայն ամեն ինչ անցավ՝ պլանավորածի համաձայն։
Նորընտիր ուսանողական խորհուրդն ունի նախագահ, փոխնախագահ և 20 անդամ։ Հարցին՝ ինչպես է կազմակերպչական աշխատանքը համատեղում դասերի հետ, Մանեն նշեց․ «Ինձ օգնում են թիմիս անդամները, որոնց հետ հաճախ հանդիպում ենք, փոխանակվում մտքերով, առաջարկում տարբերակներ՝ դրանք իրականություն դարձնելու համար։ Թիմում աշխատելը կառավարման հմտություններ է պահանջում։ Որպես ուսխորհրդի նախագահ՝ լսում եմ ընկերներիս, փորձում լինել պատասխանատու և օրինակելի։ Հուսամ՝ կկարողանամ համախմբել բոլորին»։
Արդեն ընթացքի մեջ են նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքները։ Առաջիկայում նախատեսվում են նաև մրցումներ ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ և այլ մարզաձևերից։
Անուշ ՄԱՃԿԱԼՅԱՆ
Լուսանկարները՝ «Լոռէ» փրկարար ջոկատի ֆեյսբուքյան էջից