Հոկտեմբերի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալեց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին, դասախոսներին և ծնողներին՝ կարիերայի պատասխանատու, կուրսղեկ Ալվարդ Պողոսյանի և դասախոս Արսեն Պողոսյանի գլխավորությամբ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ակադեմիայի կրթական ծրագրերին և ուսման հնարավորություններին, քանի որ քոլեջն ունի ոլորտային՝ «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտություն։
ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Ռուզաննա Ղարիբյանը հյուրերի համար կազմակերպեց շրջայց բուհում։
Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի աշխատակից Հայկ Մանուկյանը խոսեց փրկարարական աշխատանքներում օգտագործվող հեռակառավարվող սարքերի ստեղծման ընթացքի և նշանակության մասին։ Լաբորատորիայում կան նաև դրոններ, որոնք նախատեսված են հետախուզական աշխատանքներ կատարելու, բեռներ տեղափոխելու, տուժածին դեղատուփ կամ առաջին անհրաժեշտության իրեր հասցնելու համար։ Այժմ մշակման փուլում է նոր պլաներային վարժասարքը՝ անտառային գոտիների հետախուզության և քարտեզագրման համար։
Գրադարանում ներկայացվեց առկա ոլորտային գրականությունը, որի հեղինակները հիմնականում հենց ՃԿՊԱ դասախոսներն են։ Ռուզաննա Ղարիբյանն ուշադրություն հրավիրեց հատկապես արտակարգ իրավիճակների և պաշտպանության վարքականոնների վերաբերյալ խաղերին, որոնց միջոցով ուսուցումն ավելի արդյունավետ և հետաքրքիր է դառնում։ Ակադեմիան ունի նաև ներառական կրթությանը վերաբերող հարուստ գրականություն։ Գրադարանի կողմից խմբին նվիրվեցին գրքեր։
Առաջին բուժօգնության մասնագիտացված լսարանում ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ, բուժծառայության գծով պահեստազորի փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը բացատրեց՝
- ի՞նչ տարբերություն կա առաջին օգնության ու բուժօգնության միջև,
- ինչպե՞ս կատարել սիրտ-թոքային վերակենդանացում,
- ի՞նչ է կողքի ապահովության դիրքը,
- ի՞նչ առաջին օգնություն է տրամադրվում շնչուղիների լրիվ և մասնակի խցանման դեպքում և այլն։
Ուսանողները գործնականում հնարավորություն ունեցան փորձարկելու Հեմլիկի մեթոդը։ Հարց-պատասխան ձևաչափին մասնակցեցին նաև ծնողները։
«Առաջին օգնության նպատակն է կանխել տուժածի կյանքին վտանգ ներկայացնող գործոնի ազդեցությունը և թեթևացնել նրա վիճակը, մինչև բժիշկների ժամանելը։ Տան պայմաններում հաճախ լինում են արյունահոսության դեպքեր, վնասվածքներ և կոտրվածքներ։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրը կարողանա ցուցաբերել առաջին օգնություն ձեռքի տակ եղած միջոցներով։ Նույնիսկ բժիշկներն են վերապատրաստում անցնում, քանի որ իրենց նեղ մասնագիտական պրակտիկայում առաջին օգնության գիտելիքը քիչ է կիրառվում»,- մանրամասնեց Ա․ Խաչատրյանը։
Հանդիպման ավարտին Ռուզաննա Ղարիբյանը ներկայացրեց ակադեմիայի ստեղծման պատմությունը, ուսանողների մասնագիտական ու մշակութային անցուդարձը, ակադեմիայից դուրս եկած և միջազգային ճանաչում ունեցող մարզիկներին և այլն․ «Բոլորիս գաղափարը մեկն է, որ մեր երեխաները կրթություն ստանան։ Դուք ապագա փրկարարներ եք, իսկ փրկարարը պետք է առաջին հերթին կարողանա սիրել մարդուն։ Անկախ նրանից՝ ինչ մասնագիտություն կընտրեք, եղե՛ք Հայաստանի Հանրապետության համար լավագույն քաղաքացի ու մասնագետ»։
Զրուցեցինք նաև Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ։ «Կառավարում արտակարգ իրավիճակներում» բաժնի միակ ուսանողուհին՝ Ալլա Հովհաննիսյանը, տպավորված էր հատկապես լաբորատորիայի անօդաչու թռչող սարքերից, քանի որ դրանց դետալների ծանրությունը կարող է հասնել մինչև մի քանի կիլոգրամի։ Ալլային հետաքրքրել էր այն, որ ՃԿՊԱ ուսանողներն, անկախ սեռից, մասնակցում են բոլոր գործնական պարապմունքներին, օրինակ, պարանի միջոցով բարձրահարկ շենքից տարհանմանը։
Էրիկ Մնացականյանին գրավել էր առաջին օգնության վերաբերյալ դասախոսությունը։ Ստացած գիտելիքը վստահաբար պետք կգա առօրյայում։ Ցանկանում է ուսումը շարունակել ՃԿՊԱ-ում։
Ծնողներ Գրետա Ղուկասյանն ու Արմենուհի Գրիգորյանը նշեցին՝ պատահաբար չեն ընտրել այս մասնագիտությունն իրենց զավակների համար։ Փրկարարի աշխատանքը բարդ է, բայց կարևոր։ Պետք է լավ մարդ լինել, որ կարողանաս մյուսներին օգնել։ Երկու տարուց տղաները կզորակոչվեն հայոց բանակ։ Լիահույս են, որ զորացրվելուց հետո կընդունվեն ՃԿՊԱ և ավելի կմասնագիտանան իրենց գործում։
ՃԿՊԱ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ հյուրերը գնահատեցին իրենց այցի արդյունավետությունը և ցանկություն հայտնեցին հետագայում հանդիպում ունենալ փրկարարների հետ։
Երկու բուհերի համագործակցության շրջանակում նախատեսվում են նաև այլ միջոցառումներ։
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անուշ ՄԱՃԿԱԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակների