Հոկտեմբերի 7-ից մեկնարկել է Ավստրիական կարմիր խաչի ընկերության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ու մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) հրահանգիչների վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը։ Համակարգողն է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Տեսական ու գործնական պարապմունքներն անցկացվում են ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական բազայում։ Նախատեսվում է վերապատրաստել տարբեր համայնքներից կամավորների և փրկարար ծառայողների։
Նախորդ տարի ՃԿՊԱ դասախոսներն ակտիվ ներգրավված էին դասընթացներին։
Այս տարի ևս մասնակցում են փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզպատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը և փրկարարական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովսեփ Բադալյանը։
Մեկշաբաթյա դասընթացի շրջանակում վերապատրաստվողները ծանոթանում են՝
- VOLFIRE ծրագրի առաքելությանը,
- Շինություններում, անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման կազմակերպմանը, գույք-սարքավորումներին,
- Առաջին օգնության և հոգեբանական աջակցության հմտություններին։
Դասընթացները կավարտվեն հոկտեմբերի 18-ին։ Մասնակիցներին կտրվի հավաստագիր։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ VOLFIRE ծրագրի պաշտոնական կայքէջից