Հոկտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը՝ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Նախապատրաստական աշխատանքները տևել էին 4 ամիս։

Մրցույթը բաղկացած էր երեք փուլից՝

  • Ընդհանուր գիտելիքի ստուգում թեստի միջոցով,
  • Հարցեր 8 առարկայից՝ հայ գրականություն, հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, աշխարհագրություն, ֆիզիկա, մշակույթ և սպորտ,
  • Մասնագիտական հարցեր արտակարգ իրավիճակների հիմունքներից, քաղաքացիական պաշտպանությունից և առաջին օգնությունից։

Մասնակցում էր 4 թիմ միջին մասնագիտական և բակալավրի կրթական ծրագրերից։ Հաղթող ճանաչվեց երրորդ թիմը, որի հիմնական կորիզը միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողներն էին։

ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց․ «Ամենախելացի» բառն ինքնին վիճելի է։ Ընդհանուր գիտելիքը բավարար չէ, պետք է գիտելիքի հիման վրա վերլուծություն անելու կարողություններ ունենալ։ Ուզում եմ, որ դուք ձգտեք ավելիին, համակողմանի օգտագործեք ձեր իմացածը, ստանդարտ ձևաչափից դուրս մտածեք։ Ուրախ  եմ, որ այս միջոցառումն այսչափ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում»։

Ա․ Հայրապետյանը խոստացավ առաջիկայում ավելի բարդ առաջադրանքներով ևս մեկ միջոցառում կազմակերպել և ցանկություն հայտնեց լինել խաղավարը։

Հաղթող թիմի աղջիկները՝ Օֆելյան, Էսմինան և Լյուսին, վստահեցրին՝ իրենց հաղթանակի գրավականը միասնությունն է։ Աշխատանքի բաժանում են կատարել, յուրաքանչյուրը մեկ թեմա է ուսումնասիրել։ Որոշ հարցերի տրամաբանելով են պատասխանել՝ վերհիշելով արտադրական պրակտիկայի և բաց դասերի ընթացքում սովորածը։

Հարցաշարերի մշակման մասին պատմեց ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Աստղիկ Խաչատրյանը։ Նախապատրաստական փուլի ողջ ընթացքում սերտ աշխատել են դասախոսների հետ, ուսումնասիրել տարբեր գրականություն։ Առանձնակի ուշադրությամբ են ընտրվել Հայաստանին առնչվող հարցերը, որոնց պատասխանները, Աստղիկի համոզմամբ, պարտավոր է իմանալ ամեն ուսանող։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի