ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը նախորդ շաբաթվանից իրականացնում էր վոլեյբոլի ներբուհական մրցումներ։
Հոկտեմբերի 9-ին Երևանի Ավանի մանկապատանեկան համալիրում կայացավ մրցաշարի եզրափակիչ փուլը։ Համալիրի դահլիճն ակադեմիային տրամադրվել էր «Կյանքի աստղի միջազգային կոմիտե» միջազգային մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ, ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագրի ուսանող Վլադիմիր Դաշյանի միջնորդությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան Վահագն Կրբեկյանը, դասախոսներ Աննա Նասիլյանը, Հովհաննես Խաչատրյանը և Արտակ Էլմասակյանը։
Հաղթող ճանաչվեց բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցմամբ ուսանողներից կազմված հավաքական թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին միջին մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ և 1-ին կուրսերի թիմերը։
Հաղթողներին շնորհվեց դիպլոմ, իսկ ՃԿՊԱ սաներ, մրցավարներ Ռուզաննա Հարությունյանին և Ալիսա Թումանյանին՝ շնորհակալագիր։
Ուսխորհրդի սպորտի հանձնաժողովի նախագահ Գեորգի Հայրապետյանի խոսքով՝ այսուհետ ամեն ամիս որևէ մարզաձևից մրցում է լինելու։ Շատ են դիմողները հատկապես միջին մասնագիտական կրթական ծրագրից, թեև մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա։
«Ամեն սպորտային միջոցառում բացահայտում է խաղացողների ներուժը, թիմային աշխատանքի արդյունավետությունը։ Արդեն ձևավորում ենք բուհի հավաքական թիմերը, որոնք հանդես կգան միջբուհական մրցաշարերում»,- ասաց Գեորգին։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի