ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ հեռակա ուսուցմամբ «Ճգնաժամային կառավարում» և «Հոգեբանություն» մասնագիտությունների գծով մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելության հարցազրույցը:
Այս տարվա դիմորդները 26-ն էին, այդ թվում՝ ակադեմիայի շրջանավարտներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ և դասախոսներ, ուժային կառույցների ծառայողներ և այլն։ ՃԿՊԱ գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ թիվն ավելացել է:
Հարցազրույցից առաջ հանդիպեցինք ապագա մագիստրոսներին։
Իննա Օհանյանը ՃԿՊԱ «Փրկարարական գործ» բաժինն է ավարտել: Ասում է՝ այստեղ ամեն ինչ հարազատ է: Որոշել է փոխել մասնագիտությունը: Բնավորությամբ հանգիստ է, կարողանում է երկար լսել մարդկանց: Լիահույս է, որ հոգեբանին բնորոշ այս հատկանիշները կօգնեն հետագայում աշխատանք գտնել արտակարգ իրավիճակների համակարգում:
Արմեն Հաբեթյանը նույնպես ակադեմիայի շրջանավարտ է, աշխատում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում: Ընտանիքը մեծ ուրախությամբ է ընդունել ուսումը շարունակելու նրա որոշումը: Վստահ է՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտն ամենից կարևորն է, այն անընդհատ ուսումնասիրելու կարիք ունի: Միշտ պետք է բարելավել գիտելիքներդ:
Արթուր Թարխանյան-Խոյեցյանը տրանսպորտային ինժեներ է, ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան: «Ճգնաժամային կառավարումն այն մասնագիտությունն է, որ պետք է բոլոր բնագավառներում: Ինքս առնչվել եմ արտակարգ իրավիճակների հետ, կցանկանայի խորացնել տեսական գիտելիքներս»,- նշեց Արթուրը:
Հոգեբան Մարիետա Դավթյանը մանկուց սիրել է օգնել մարդկանց: Վերջնականապես համոզվել է իր մասնագիտության ճիշտ ընտրության հարցում, երբ մի օր փողոցում կանխել է բռնություն կիրառելու միջադեպը: Ասում է՝ անտարբերությունը միշտ վատ հետևանքների է բերում: Դիմել է ՃԿՊԱ, որ նաև արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ ձեռք բերի:
Ընդունելության հարցազրույցը վարեցին ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչ, պահեստազորի փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը և ուսումնական բաժնի մեթոդիստ, դասախոս Աննա Ասատրյանը:
Ակադեմիայի հիմնադիր ռեկտորի հորդորը մագիստրոսներին մեկն էր՝ ուսումից քաղել առավելագույնը, գիտելիքը կիրառել անվտանգության համակարգում նորարարություններ ներդնելու և մշակույթ ստեղծելու ուղղությամբ: Վերջնարդյունքը պետք է լինի այն, որ պատրաստ լինենք զանգվածային աղետի ժամանակ հնարավորինս ճիշտ կազմակերպել գործընթացները և փրկել մեծ թվով մարդկանց:
«Իրավագիտություն» և «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունների գծով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի դասերը մեկնարկել էին սեպտեմբերի 1-ից։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի