Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի մշտադիտարկման խումբը՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ։
Այցի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչ խնդիրներ կան միջին մասնագիտական կրթական ծրագրում։ Կայացան փակ հանդիպումներ բուհի ղեկավարության, ամբիոնի վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հյուրերին ներկայացրել է բուհում արտակարգ իրավիճակների սիմուլյացիոն սենյակ ստեղծելու գաղափարը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին սեփական մաշկի վրա զգալ «աղետը», զարգացնել գործնական հմտություններ։
Քննարկվել է նաև ուսանողակենտրոն մոտեցումների անհրաժեշտության հարցը։ «Ուսանողակենտրոն» ասելով՝ շատերը հասկանում են այս կամ այն կերպ ուսանողին աջակցություն տրամադրելը, սակայն ընդհանուր առմամբ դա նրա ներգրավվածությունն է դասապրոցեսին։ Օրինակ՝ երբ մենք սովորեցնում ենք արյունահոսության դեպքում առաջին օգնությունը, բավարար չէ միայն տեսական գիտելիք փոխանցելը։ Ուսանողը պետք է անձամբ փորձարկի մեթոդները, հասկանա դրանց արդյունավետությունը, սովորի գնահատել իրավիճակը և որոշումներ կայացնել։ Վերջնարդյունքը պետք է լինի այն, որ նա ունենա հիմնարար կարողություններ տվյալ առարկայի շրջանակում»,-նշեց ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ, բուժծառայության գծով պահեստազորի փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը։
Ակադեմիայի հերթական պետական հավատարմագրումը նախատեսվում է 2025 թվականին։ Պլանավորվում են բազմաթիվ միջոցառումներ, այցեր, աշխատաժողովներ և այլն։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ ՈԱԱԿ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից