Սեպտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Պետականության արդի մարտահրավերները» թեմատիկայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին բուհի դասախոսներն ու ուսանողները։
Ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Հարությունյանը խոսեց պետության հանդեպ սեփականատեր լինելու գիտակցությունից։ Հասկանալով, որ պետությունը սկսվում է հենց քեզնից, ավելի առարկայական ես գնահատում քեզ և քո միջավայրին սպառնացող վտանգները։
«Երբ մարդն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է, բայց զուգահեռ մտածում է արտագաղթելու մասին, նա պարզապես անլուրջ է վերաբերվում իր՝ քաղաքացու պարտականություններին։ Խնդիրը նրանում է, որ մենք չգիտենք՝ որն է մեր շահը, ինքներս մեզ չենք ճանաչում։ Դրա հետևանքով հաճախ ընկնում ենք ազդեցության տակ՝ զարմանալով մեր իսկ արած քայլերից»,- նշեց բանախոսը։
Նրա խոսքով՝ աշխարհի քաղաքականությունը կառուցված է հենց այդ սկզբունքով՝ հնարավոր չէ ստիպել մարդուն ինչ-որ բան անել, բայց կարելի է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նա ակամա դառնա քո կատարածուն։
Ա․ Հարությունյանն ուշադրություն հրավիրեց հատկապես մասնակցությանը քաղաքական ընտրություններին՝ որպես երկրիդ հանդեպ ունեցած պարտականության դրսևորում։ Երբ ուսումնասիրում ես զարգացած պետությունների ընտրական համակարգը, տեսնում ես, որ ընտրություններին պարտադիր մասնակցությունն ամրագրված է օրենքով։ Այլապես տվյալ անձից գանձում են տուգանք, սահմանափակում նրա տեղաշարժը կամ նույնիսկ արտաքսում երկրից․ «Հեշտ է կանխատեսել ապագան, պարզապես նայի՛ր այսօրվա երիտասարդությանը։ Մի՛ մոռացեք, որ դուք եք ստեղծում ձեր նկատմամբ վերաբերմունքը հասարակության մեջ։ Եվ քանի որ պետությունը, այս պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունը դու՛ ես, ուրեմն թե՛ նրա հաղթանակի, թե՛ պարտության, թե՛ հզոր ապագայի մարտահրավերը քո մեջ է։ Ազնիվ եղե՛ք ինքներդ ձեզ հետ և մի՛ փնտրեք մեղավորներ»։
Խոսվեց նաև ընտանիքի կարևորությունից՝ որպես պետության հիմք։ Անհրաժեշտ է, որ ամեն ոք հասկանա իր դերը երեխայի դաստիարակության հարցում, նրան փոխանցի որոշակի մշակույթ՝ քաղաքակիրթ լինելու, անվտանգ ապրելու, իր իրավունքները պաշտպանելու և այլն։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի