Սեպտեմբերի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց թրաֆիքինգի թեմատիկայով դասընթաց՝ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանի և որակի ապահովման կենտրոնի պետ, բուժծառայության գծով պահեստազորի փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանի նախաձեռնությամբ:

Դասընթացը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և «Լիարժեք կյանք» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության համատեղ ծրագրի բաղադրիչ է, որն ուղղված է ավագ դպրոցականների և քոլեջի ուսանողների իրազեկվածության բարձրացմանը:

Իրավաբան -փորձագետ Տաթևիկ Թոխյանը ներկայացրեց՝

  • Ի՞նչ է թրաֆիքինգը,
  • Ի՞նչ գործողություններ, միջոցներ և նպատակներ է իր մեջ ներառում,
  • Թրաֆիքինգի ենթարկված անձանց նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունի և օգնության ի՞նչ միջոցներ է տրամադրում պետությունը, որի քաղաքացին է տվյալ անձը և այլն:

«Եթե ժամանակին ստրկության հիմքում մարդու ռասայական պատկանելիությունն ու մաշկի գույնն էին, ապա թրաֆիքինգը ոչ մի տարբերակում ու սահմաններ չի ճանաչում: Ցանկացած երկիր, լինի զարգացած թե զարգացող, երաշխավորված չէ թրաֆիքինգից: Ճիշտ է՝ աղքատությունն ու գործազրկությունը դրան նպաստող երևույթներ են, բայց հնարավոր է՝ բարեկեցիկ կյանքով ապրող անձը պարզապես մեկնի ճամփորդության և ենթարկվի թրաֆիքինգի»,- մանրամասնեց Տ.Թոխյանը:

Հարց-պատասխան ձևաչափով նաև քննարկվեց՝

  • Ինչու՞ են ամենաշատը միգրանտներն ու երեխաները թրաֆիքինգի զոհ դառնում,
  • Թրաֆիքինգի ի՞նչ դրսևորումներ են լինում պատերազմների ժամանակ:

Մասնագետը խորհուրդ տվեց ճամփորդություն պլանավորելիս ուշադիր լինել ստորագրման ենթակա փաստաթղթերին, իսկ տեղ հասնելուն պես պարտադիր կապ պահել դիվանագիտական կառույցների և մտերիմների հետ:

Հանդիպման ավարտին ՃԿՊԱ սաները հարցաթերթի միջոցով գնահատեցին դասընթացի արդյունավետությունը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի