ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հրատարակել է «Քաղաքացիական պաշտպանության անհատական պաշտպանության միջոցներ» խորագրով 5 ուսումնական ձեռնարկ՝ ՃԿՊԱ գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի և կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոս Արայիկ Գասպարյանի հեղինակմամբ։
Ձեռնարկներն անդրադառնում են՝
- անհատական պաշտպանության միջոցների ընդհանուր նկարագրությանն ու դասակարգմանը, ստուգման, ապահովման, կրման և օգտագործման կարգին,
- հակագազերի և մաշկի պաշտպանական միջոցների տեսակներին,
- բժշկական և ինքնափրկիչ միջոցներին։
Արայիկ Գասպարյանի խոսքով՝ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք առաջին հայերեն ձեռնարկներն են, որոնք համակողմանի ներկայացնում են այս ծավալուն թեման։ Մյուս ուժային կառույցները նույնպես կարող են գրքերը ներառել իրենց կրթական և մասնագիտական վերապատրաստման գործընթացներում։
Օգտագործվել է խորհրդային և հետխորհրդային տարիներին տպագրված ոլորտային գրականությունը, ուսումնասիրվել է միջազգային փորձը։ Առանցքային թեմաներից մեկը Հայաստանի փրկարար ծառայությունում կիրառվող անհատական պաշտպանության միջոցներն են։
«Մեզ հետ արդեն կապվել են բժշկական և սննդի անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ, սիրով տրամադրել ենք գրքերի էլեկտրոնային տարբերակները։ Համագործակցության համար միշտ բաց ենք»,- իր խոսքն ամփոփեց Արայիկ Գասպարյանը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ