Օրերս Մոլդովայում տեղի ունեցավ Եվրոպական Միության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում»` PPRD East ծրագրի երրորդ փուլի ամփոփիչ աշխատաժողովը, որին ներկա էին ծրագրի կոորդինատորներն ու ներկայացուցիչներ բոլոր մասնակից երկրներից։
Հայաստանի պատվիրակության կազմում էր աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը։
Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեց 4 տարում կատարված աշխատանքը, որն ուղղված էր հիմնականում միջգերատեսչական համագործակցության բարելավմանը, մասնագիտական ներուժի, աղետների ժամանակ իրազեկվածության, տեղեկատվության որակի և արդյունավետության բարձրացմանը, վաղ ազդարարման ոլորտում գիտական կարողությունների զարգացմանն ու գիտական նորությունների կիրառմանը։
Արմինե Հայրապետյանի խոսքով՝ կազմակերպիչներն առանձնահատուկ կերպով ներկայացրել են Հայաստանի մասնակցությունը տարբեր վարժանքներին, մասնավորապես՝ միջազգային հրամանատարաշտաբային վարժանքին։ Սահիկաշարի միջոցով ծրագրի մասնակիցները նաև ծանոթացել են, թե ինչպես է Հայաստանում կազմակերպվում իրական ժամանակում տեղի ունեցող արտակարգ դեպքերի տվյալների հավաքագրումն ու որոշումների կայացումը։
PPRD East 3 ծրագրի շրջանակում ՃԿՊԱ-ն ներգրավված է եղել վերապատրաստողների վերապատրաստման՝ TOT (Training of trainers) ձևաչափով դասընթացներում, մեծ աշխատանք է տարել աղետների հետևանքով վնասների և կորուստների հաշվարկման համակարգի ներդրման, տեղայնացման և մասնագիտական գիտելիքների փոխանցման ուղղությամբ։ TOT ձևաչափով դասընթացների բովանդակության մշակման և լսարանի ընտրության հարցում ակադեմիան ուղիղ մասնակցություն է ունեցել։
«Աշխատաժողովի ժամանակ կրկին հիմնավորվեց, թե ինչ մեծ նշանակություն ունի կրթական բաղադրիչը նման համաեվրոպական ծրագրերում։ Մենք մեր կողմից պատրաստակամություն հայտնեցինք շարունակել համատեղ աշխատանքը։ Այսուհետ լիարժեք հասանելիություն ենք ունենալու Եվրոպական միության Knowledge Network ցանցին, որը քաղաքացիական պաշտպանության ոլորտում դասընթացների, նորարարական գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ է»,- հավելեց Ա․ Հայրապետյանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել իտալական CIMA հետազոտական հիմնադրամի հետ, որը ծրագրի շրջանակում մշակված բոլոր մոդուլներն անհատույց օգտագործման է հանձնել ակադեմիային։ ՃԿՊԱ դասախոսական և ուսանողական անձնակազմը, ինչպես նաև վերապատրաստվողները հնարավորություն կունենան ԱՌՆ ոլորտում միջազգային մոտեցումներին ծանոթանալու։
Նոր համագործակցություն է նախատեսվում Ֆինլանդիայի արտակարգ իրավիճակների ծառայությունների ակադեմիայի հետ։
PPRD East 3 ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացված այլ միջոցառումների մասին՝ ստորև։
- PPRD East-3. «DesInventar Sendai» վերապատրաստման դասընթաց Երևանում
- PPRD East-3. «Վերապատրաստողների վերապատրաստում» ձևաչափով միջազգային դասընթաց Երևանում
- PPRD East 3. Կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը
- Ճգնաժամային հաղորդակցության թեմայով վերապատրաստում PPRD East3 ծրագրի շրջանակում
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ