Սեպտեմբերի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործընկեր «Հայաստան խաղաղություն նախաձեռնություն» (Armenia Peace Initiative` API) կազմակերպության ներկայացուցիչներն անցկացրին բաց դաս ակադեմիայի դասախոսական և ուսանողական անձնակազմի համար:
Թեման 2023 թվականի դեկտեմբեր ամսից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացվող «Առաջին օգնության տարրեր» խորագրով երկօրյա դասընթացներն էին, որոնց շրջանակում վերապատրաստվել է 252 քաղաքացիական անձ։
Դասընթացների բովանդակությունը մշակվել է ՃԿՊԱ կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի հետ համատեղ՝ ճգնաժամային իրավիճակներում անհապաղ առաջին օգնության ցուցաբերման միջազգային M.A.R.C.H․ (Massive Hemorrhage, Airway, Respiration, Circulation, Hypothermia Prevention) պրոտոկոլի հիման վրա։ M.A.R.C.H․-ի նպատակն է գնահատել տրավմատիկ վնասվածք ստացած անձի առողջական վիճակը՝ ըստ 5 չափորոշչի՝ ուժեղ արյունահոսության առկայություն, շնչուղիների և թոքերի աշխատանք, արյան շրջանառություն և մարմնի ջերմաստիճանի տատանումներ։
«Արևմտյան բանակներում ռազմական գոտի մեկնող զինծառայողը պետք է պարտադիր տիրապետի պրոտոկոլին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիրավորները մահանում են վնասվածք ստանալուց մեկ ժամվա ընթացքում, եթե նրանց չի ցուցաբերվում համապատասխան օգնություն։ Պրոտոկոլը շատ հեշտ է և հասանելի բոլորին, և բնավ պետք չէ մասնագետ լինել՝ այս գիտելիքը կիրառելու համար»,- ասաց API կազմակերպության ներկայացուցիչ Պատրիկ Ապրիլը։
Պրոտոկոլը երեք փուլից է՝
- սեփական անվտանգության ապահովում,
- «պլատինե» ժամանակում՝ 10 րոպեում վիրավորի առողջական վիճակի արագ գնահատում և դուրսբերում անվտանգ վայր,
- «ոսկե» ժամանակում՝ 1 ժամում կատարվող գործողություններ՝ վիրավորի կյանքը փրկելու համար։
Երկօրյա դասընթացը կենտրոնանում է հիմնականում առաջին երկու փուլի վրա։ Մասնակիցները 16 տարեկանից բարձր անձինք են՝ ուսանողներ, մանկավարժներ, տնային տնտեսուհիներ, փախստականներ, բուժաշխատողներ, փրկարար ծառայողներ և այլն։ Կարևոր պայման է, որ նրանք միշտ լինեն հասանելի և ֆիզիկապես ունակ՝ առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև ցանկանան կամավորություն անել։ Պատրիկ Ապրիլն ուրախությամբ նշեց, որ մասնակիցներից 181-ը կին է եղել, ինչը շատ հետաքրքրական և գովելի փաստ է։ Նման դասընթացներն անհրաժեշտություն են սահմանամերձ համայնքներում, քանի որ դրանք մարդկանց հոգեբանորեն ավելի պատրաստված են դարձնում։
ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը նշեց՝ առաջին օգնության գիտելիք պետք է ունենա յուրաքանչյուրը, հատկապես՝ ապագա փրկարարները, որոնց ուսերին բարձր պատասխանատվություն է դրված։ Ակադեմիան տարեկան մոտ 3000 քաղաքացիական անձ է վերապատրաստում ամբողջ հանրապետությունում, և այս առումով աղետների ռիսկի նվազեցման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում API կազմակերպության հետ համագործակցությունը փորձի փոխանակման լավ հնարավորություն է։
Բաց դասի ընթացքում ֆրանսիացի հյուրերը խոսեցին նաև 2020 թվականի պատերազմի ընթացքում կիրառված սպիտակ ֆոսֆորից այրվածքի դեպքում առաջին օգնության մասին, գործնականում ցուցադրեցին՝ ինչպես օգտագործել ճնշող վիրակապ և ֆիքսող լարան։
ՃԿՊԱ-ն և «Հայաստան խաղաղություն նախաձեռնություն» կազմակերպությունը նախատեսում են հետագայում ընդլայնել համատեղ աշխատանքը՝ ներառելով նաև կիբեռանվտանգության ուսուցումը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ