Սեպտեմբերի 9-13-ն Արարատի մարզի Վեդու խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրում անցկացվեց «Անտառային հրդեհների կառավարում և մարում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ԱՄՆ անտառային ծառայության միջազգային ծրագրերի Հայաստանի և Եվրասիայի կարողությունների զարգացման և արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի շրջանակում։ Մասնակցում էին նաև դասախոսներ ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից:

Ըստ ծրագրի՝ տեսական մասում ներկայացվել են՝

  • վայրի տարածքների հրդեհների հիմնական հասկացությունները,
  • միջադեպերի կառավարման համակարգի սկզբունքները,
  • ռելիեֆի 3D մոդելավորմամբ ավազե սեղանը, որի վրա մասնակիցները ստեղծեցին իրական հրդեհային իրավիճակներ փոքր մասշտաբով:

Դաշտային պարապմունքները ներառել են՝

  • տարբեր տեղանքներում հրդեհի վարքագծի գնահատում,
  • հրդեհաշիջման սարքավորումների գործնական կիրառում,
  • արտակարգ իրավիճակների մոդելավորման ժամանակ թիմային աշխատանք:

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանի խոսքով՝ դասընթացի նորարարություններից մեկը հենց ավազե սեղանն էր, որը հնարավորություն տվեց մասնակիցներին GIS հենքով ծրագրի միջոցով ամբողջությամբ տեսնել Խոսրովի արգելոցի պատկերը, մշակել հրդեհի իրավիճակներ և կայացնել որոշումներ՝ ելնելով քամու ուժգնությունից և ուղղությունից:

Փրկարարը կարևորեց նաև հրդեհի կանխարգելման ամերիկյան մոտեցումները, որոնք կարող են արդյունավետ լինել նաև Հայաստանում: Օրինակ՝ հրդեհի տարածումը կանխելու համար  արահետի պատրաստումը՝ մեծ թվով մարդկային ուժի ներգրավմամբ: Յուրաքանչյուրն ունենում է իր հստակ անելիքը՝ թակիչով մարել, քերիչով և բրիչով հողաշերտ փորել, հողաշերտը կտրատել և այլն: Ամերիկացի մասնագետներն առաջադրանքից առաջ պարտադիր կատարում էին հրահանգավորում և հնարավոր վտանգների մասին իրազեկում: Սա սովորեցնում է հրամանատարներին սերտ աշխատել անձնակազմի հետ:

Հարություն Ղազարյանի խոսքով՝ ցանկալի կլինի ակադեմիայի համար հետագայում ձեռք բերել արտակարգ իրավիճակների մոդելավորման ավազե սեղանը, որը թույլ կտա ավելի ակտիվորեն ներառել ուսանողներին շտաբային որոշումներ կայացնելու և կառավարման գործընթացներում:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից