ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով՝ հուլիսից սեպտեմբեր փրկարար և ջրային պարեկային ծառայությունների աշխատակիցները գործել են ուժեղացված ռեժիմով՝ Սևանա լճի տարածքում հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար։

Սեպտեմբերի 10-ին  3 հանրային լողափում և Շողակաթ համայնքի հարակից փրկարարական հենակետում ավարտվեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարների հերթապահությունը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, իր աշխատանքն ամփոփել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական անձնակազմը, որն իրականացրել է անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկում անօդաչու սարքերով։

Ընդհանուր առմամբ՝ այս ժամանակահատվածում գրանցվել են հետևյալ դեպքերը՝

  • Ջրից մահացած քաղաքացու դուրսբերում՝ 1 դեպք,
  • Ջրահեղձություն՝ 4 դեպք, որոնցից 3-ը՝ լողանշաններն անցնելու, 1-ը՝ հեծանիվ-նավակից ցատկելու պատճառով,
  • Ջրային տեխնիկայի կողաշրջում՝ 3 դեպք,
  • Ջրային տեխնիկայի խափանում՝ 1 դեպք,
  • Ուժեղ քամու պատճառով բաց լճում հայտնված ջրային տեխնիկայի որոնողական աշխատանք՝ 4 դեպք։

Եղել է 3 տուժած, փրկվել է 13 քաղաքացի։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ