Սեպտեմբերի 9-13-ն Արարատի մարզի Վեդու խոշորացված համայնքի Ուրցաձոր բնակավայրում անցկացվում է «Անտառային հրդեհների կառավարում և մարում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ԱՄՆ անտառային ծառայության միջազգային ծրագրերի Հայաստանի և Եվրասիայի կարողությունների զարգացման և արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի շրջանակում։ Կազմակերպիչը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է՝ FPWC:
Դասընթացը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման ոլորտում: Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 40 ներկայացուցիչ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Շրջակա միջավայրի նախարարությունից և Էկոպարեկային ծառայությունից, «ԹՐԵՅԼՍ ՖՈՐ ՉԵՅՆՋ» հասարակական կազմակերպությունից, ինչպես նաև անտառապահներ FPWC-ի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանից։
Ներքին գործերի նախարարի հրամանով՝ դասընթացին մասնակցելու են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը, փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Անդրանիկ Խաչատրյանը, փրկարարական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ մայոր Հովսեփ Բադալյանը և փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ ավագ լեյտենանտ Սերյոժա Մարտիրոսյանը։
Մանրամասներին կանդրադառնանք։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ US FOREST SERVICE-ի նախորդ տարվա դասընթացից