ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ սեպտեմբերի 3-5-ը ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է մասնագիտական հատուկ ուղղվածության վերապատրաստման դասընթաց՝ փրկարար ծառայության հերթափոխի պետերի և օղակի հրամանատարների համար։ Թեման ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքների կազմակերպումն էր։
Տեսական մասում մասնակիցներին ներկայացվել է՝
- Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը,
- Վթարների դեպքում փոքր մեխանիզացիայի միջոցների կիրառումը,
- Անվտանգության ապահովման առանձնահատկությունները և այլն։
Գործնական պարապմունքներն անցկացվել են երկու տեղանքում՝ ՃԿՊԱ Լուսակերտի ուսումնական բազայում և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Առաջին օրը փրկարար ծառայողները ծանոթացել են ձորերում և թեք լանջերում հայտնված, ինչպես նաև վագոնի և ավտոմեքենայի բախման հետևանքով վթարված տրանսպորտային միջոցներից տուժածների դուրսբերման ու առաջին օգնության ցուցաբերման գործընթացին։ Երկրորդ օրը նրանք անձամբ փորձարկել են փոքր մեխանիզացիայի միջոցները՝ հրահանգիչների առաջադրանքների համաձայն։
Վերապատրաստման դասընթացը վարել են փ/ծ մայորներ Հ․ Բադալյանը, Ա․ Խաչատրյանը և Ս․ Գևորգյանը, փ/ծ կապիտան Վ․ Հովակիմյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Ս․ Մարտիրոսյանը և փ/ծ ենթասպա Ա․ Խաչատրյանը։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները